
Ադրբեջանական կողմի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մեծ մասը ստացել են ականապայթյունային- բեկորային և պայթյունային վնասվածքներ։ Պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զինծառայողներն այս պահին գտնվում են բուժման փուլում»,- տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչությունը հրաժարվել է կոնկրետ տվյալներ տրամադրել, թե քանի վիրավոր զինծառայող ունի հայկական կողմն այս պահին։ Մեր հարցման պատասխան նամակում գրել են՝ վիրավորների թվի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում:
Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել էր, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում վիրավորվել է 293 զինծառայող և 7 քաղաքացիական անձ: Սակայն ավելի ուշ վիրավոր քաղաքացիներից մեկը մահացել էր: