Դուրովի կյանքի նպատակներից մեկը  Telegram-ը առաջ տանելն է, իսկ նա դա անում է  WhatsApp-ը սևացնելով: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ծրագրավորող, «Տելեգրամի» հիմնադիր, դոլարային միլիարդատեր Պավել Դուրովի հայտարարությանը, ըստ որի՝ WhatsApp-ի անվտանգության համակարգում առաջացել է խնդիր, և WhatsApp ներբեռնելը հաքերին հնարավորություն է տվել  հեռախոս մուտք գործելու՝ վիրուսակիր տեսանյութ ուղարկելով  կամ  տեսազանգ սկսելով WhatsApp-ում:  

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ նրանք կես տարին մեկ WhatsApp-ի դեմ հայտարարություններ են անում:

«WhatsApp-ում հայտնաբերվել են լուրջ խնդիրներ, բայց պետք է կարևոր բան հասկանալ, առաջինը, որ այդ խնդիրները երբ հայտնաբերվում են՝ չի նշանակում իրենց հասցրել են օգտագործել, երկրորդը՝ սովորաբար այդ տիպի խնդիրները եթե նույնիսկ օգտագործվում են, ապա օգտագործվում են շատ սահմանափակ թիրախների դեմ»,- ասաց նա և նշեց, որ չի կարծում, որ կոնկրետ որևէ մեկը հասցրել է տուժել:

«Վտանգ պետք է սպասել միշտ, ու «Տելեգրամ»-ից էլ, կամայական ծրագիրը կարող է ունենալ խոցելիություն ու շատ բարդ խոցելիություն, ու եթե նայեք տարվա մեջ ինչքան շատ խոցելիություններ են բացահայտվում, ապա գրեթե բոլոր ծրագրերի, հավելվածների մեջ ինչ-որ մի բան գտնվում է»,- ասաց նա:

906