Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ինչպես  հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգության եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-ընդգծել է նա:

Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

830