Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող այն ուսանողները, որոնք ՀՀ զինված ուժեր զորակոչվելու պահին սովորում են բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատում, զինվորական ծառայության ավարտից հետո կարող են պահպանել բուհում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը․ օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Նախագծի ընդունման դեպքում՝ տվյալ իրավունքից կարող են օգտվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող ուսանողները՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը: Կապահովվի նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։

Մինչ նախագծի ընդունումն, այս պահին գործող կարգավորումներով, վերոնշյալ երկու կատեգորիաների ուսանողների համար անվճար ուսումնառության տարիքը սահմանվում է մինչև 23 տարեկանը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունքի հնարավորություն չունեն։

981