
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում՝ ձեռք բերելով նաև ժամանակակից սպառազինություն, որի առաջնային խնդիրն է երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման կոմպոնենտների մասին։
«Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում։ Հայաստանը ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, որի առաջնային նպատակն է երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ժողովրդավարության պաշտպանությունը։ Սրանք են մեր առաջնահերթությունները։ Մենք նաև հաշվի ենք առնում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այդ առումով նաև ձեռք ենք բերում կարողություններ»,-ասել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այդ ամենի մասին հրապարակայնորեն չի խոսվում, բայց իրականության մեջ էլ արդեն իսկ տեսանելի են այդ բարեփոխումների արդյունքները։
«Մենք շարունակում ենք մեր կարողություններն ավելացնել և նաև հասկանում ենք, որ ընդհանուր անվտանգության ապահովման համար կարևոր է ոչ միայն ունենալ ժամանակակից սպառազինություն, բանակ, այլև կարևոր է ունենալ բալանսավորող արտաքին քաղաքականություն»,-ասել է Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը փորձում է իր հարցերի մեծամասնությունը լուծել դիվանագիտական գործիքների միջոցով։