Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Գուրգեն Մ․-ի վարած Opel մակնիշի և 31-ամյա Մերուժան Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Մերուժան Ա․-ն, Opel-ի վարորդ Գուրգեն Մ․-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 67-ամյա Լյովա Մ․-ն, 40-ամյա Հայաստան Խ․-ն, 66-ամյա Հայկանուշ Մ․-ն և 15-ամյա Ռիմա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Արթիկի և Աննիի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

357