Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով չորս անչափահաս տղա է զոհվել. երեքը՝ դեպքի վայրում, մեկը՝ 3 օր անց Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Ավտովթարը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում. 16-ամյա Էդուարդ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ընկույզի հաստաբուն ծառին, ապա մոտակա էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել։ Էդուարդին, մեքենայում գտնվող 17-ամյա Կարեն Պողոսյանին, 17-ամյա Միհրան Միրիջանյանին հրշեջները ավտոմեքենայից դուրս են բերել մոխրացած վիճակում։ 16-ամյա Ալբերտ Ներսիսյանին հաջողվել է ավտոմեքենայի վերնամասի պատուհանից դուրս գալ, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։

NEWS.am-ին Օշականի համայնքապետարանի աշխատակիցը պատմեց, որ տղաները մոտ ընկերներ էին։ Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ավտովթարը՝ գյուղում որեւէ մեկը տեղյակ չէ։

«Ողջ էր մնացել միայն Ալբերտը, որը կարող էր ինչ-որ բան պատմել, թե ոնց է եղել, սակայն, ցավոք, նա էլ մահացավ։ Մեքենան ահավոր վիճակում էր։ Թե կոնկրետ ինչից է սկսել հրդեհը, դեռեւս պարզ չէ։ Սատանայական բան է, չենք հասկանում, թե ինչպես կարող էր այդտեղ այդպիսի բան լինել»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

6618