Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: 

Այս մասին հոդված է հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս և ավելի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ:

Անպտղությունը, ցավոք, տարածված հիմնախնդիր է: Գնահատված է, որ ամբողջ աշխարհում 48 միլիոն զույգեր և 186 միլիոն անհատներ ապրում են վերոնշյալ խնդրով:

Տղամարդկանց և կանանց մոտ անպտղությունը կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոնների պատճառով։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են.

  • փողերի հիվանդություններ, օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետևանքով,
  • արգանդի հիվանդություններ, այդ թվում՝ բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ),
  • ձվարանների հիվանդություններ, օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշը,
  • ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս և այլն:

Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել.

  • վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներ,
  • հորմոնալ խանգարումներ,
  • սերմնահեղուկի արտադրության խնդիրներ, օրինակ՝ վարիկոցելեի պատճառով և այլն:

Հարկ է նշել, որ բնակլիմայական և կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ավելցուկային քաշը, ևս կարող են ազդել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:

Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990թթ., 1997-1998թթ., և 2009թ.:

Վերջինի արդյունքները վերանայվել և հրապարակվել են 2014թ.: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների՝ անպտղությունը կանանց շրջանում կազմել է 16,8%, որից առաջնայինը՝ 5,4%, երկրորդայինը՝ 11,4%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5,1%-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3%, երկրորդային՝ 2,8%: 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թ. իրականացված հետազոտության տվյալներով վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում՝ առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%: 

Այսպիսով, առկա տվյալները վկայում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում թեև որոշակի նվազել է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 15% ճգնաժամային մակարդակին, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է  համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի:

801