Մեդիանյուզը գրում է.

«Հետք»-ը այսօր տեղեկացրել էր, որ դատախազությունը Վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» շենքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազա»-ի վրա։

«Սիլ պլազա»-ի շենքն արդեն տևական ժամանակ սկսել է հանգիստ չտալ ոմանց։ Աբովյան և Արամի փողոցների հատման անկյունում գտնվող շենքը, ավելի ստույգ՝ շենքի կանգուն մնացած կիսախարխուլ պատը, 1990-ականների սկզբին ձեռք էր բերել Սուքիասյանների ընտանիքը։ Կիսավեր կառույցը սեփականաշնորհվել էր 5 հազար 655 ԱՄՆ դոլարով։ Միայն խոշոր ներդրումներից հետո այն վերակառուցվել է և արդեն 1997 թվականին ստացել է այն գեղեցիկ տեսքը, որն այսօր կա։

Եվ ահա վերջին շրջանում «Սիլ պլազա»-ի շենքի շուրջ աղմուկն ակտիվացել է։ Աղմկում են այն բանի համար, որ կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք և որն իր կոլորիտով ու գեղեցկությամբ առանձնանում է քաղաքի կենտրոնն աղավաղած բազմաթիվ նորակառույց շենքերից ու բարձրահարկերից։

Ի դեպ, ևս մեկ հատկանշական փաստ։ Շենքի հետ կապված աղմկողներին ու նրանց սպասարկող լրատվամիջոցներին հանգիստ չի տալիս միտքը, որ այն սեփականաշնորհվել է 5․5 հազար դոլարով։

Զավեշտն այն է, որ այդ մարդիկ զլանում են հիշել և հաշվարկել, թե ինչ արժեր 5 հազար դոլարը 90-ականներին, որքան ներդրումներ են կատարվել շենքն այսօրվա տեսքին բերելու համար և ամենակարևորը՝ որքան փոխհատուցում են ստացել կիսավեր շենքի հարակից տարածքի կիսախարխուլ կառույցներում բնակվող բնակիչները։ Այն մարդիկ, որոնք փոխհատուցման շնորհիվ սկսեցին ապրել նոր բնակարաններում և համեմատաբար ավելի լավ պայմաններում։

«Սիլ պլազա»-ի շենքի շուրջ աղմուկի այսպես ասած՝ հովանավորը հիմնականում երկրորդ նախագահին սպասարկող լրատվամիջոցներն են։ Այն նախագահի, որն իր կառավարման տարիներին, բառի ուղիղ իմաստով, արյունալի բախումներով բնակիչներից խլեց Հյուսիսային պողոտան։ Բնակիչների մի մասին որպես փոխհատուցում տալով չնչին գրոշներ, իսկ մի մասին էլ՝ ընդհանրապես ոչինչ չտալով։ Այդքանից հետո, Հյուսիսային պողոտայի զավթիչը տարածքը վերածեց իսկական քարե ջունգլիների՝ անճաշակ բարձրահարկերով ու շինություններով։ Այսօր այդ նախագահի մեդիաբանակը աղմուկ է բարձրացնում մի կառույցի համար, որն իր գեղեցկությամբ դարձել է Երևանի այցեքարտերից մեկը։

Ի դեպ, Հյուսիսային պողոտան դարձավ ոչ միայն երկրորդ նախագահի, այլև բազմաթիվ պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող կարողությունների հիմնական սնուցող աղբյուրը։ Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում զբաղեցրել էին պետական պաշտոններ՝ 20 տարվա ընթացքում դարձան դոլարով միլոնատերեր, դարձան մի ամբողջ կայսրության տեր։ Կայսրություն, որը կառուցվեց նաև Երևանի կենտրոնի բնակիչների կյանքի, առողջության, տառապանքի ու զրկանքների հաշվին։

Հատկանշական ևս մեկ փաստ, որը խորթ է միլիոնատեր դարձած նախկին չինովնիկներին ու նախագահներին, որոնք միշտ խուսափել են արդարադատությունից։ Սուքիասյանների ընտանիքն այս ամբողջ աղմուկը ոչ թե փորձում է կոծկել ու շրջանցել, այլ հակառակը՝ կողմ է, որպեսզի դատաքննությամբ պարզվի շենքի սեփականաշնորհման հետ կապված իրականությունը և վերջ դրվի բոլոր տեսակի շահարկումներին։

1832