Հայաստանի քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ ընդդեմ Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծության՝ այսպիսով հրավիրելով ՄԱԿ-ի, գերտերությունների ուշադրությունը:

 ՀՀ ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց. «Մեր ձայնն ենք բարձրացնում թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների, հանցագործությունների դեմ՝ Սիրիայի, Իրաքի քրդերի և ընդհանրապես ողջ քուրդ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան այս տարիների ընթացքում ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ: Եթե հարձակվում է Սիրիայի վրա, թիրախավորում քրդական բնակավայրերը և ցանկանում է ոչնչացնել ողջ քրդերին, դա, իհարկե, ցեղասպանություն է»,-ասաց Հասանովը:

Ըստ նրա՝ 4-5 հոգու զոհվելու պատճառ դարձած պայթյունը Ստամբուլում կազմակերպել են հենց թուրքական իշխանությունները և հետո հայտարարել, թե իբր դա կազմակերպել են  Քրդական բանվորական կուսակցությունը, Սիրիայի քրդերը: Թուրքիայի իշխանությունը հենց դրանով է հիմնավորել Սիրիայի քրդերի վրա հարձակվելը՝ պատճառաբանելով, թե իբր քրդերը ահաբեկիչներ են:  «Սակայն աշխարհի ամենահզոր ահաբեկիչը թուրքական իշխանություններն են: Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակին և աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց՝ ձեռք մեկնել և բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը, որը ոճրագործություններ է անում քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր թուրքական իշխանությունները աշխարհի համար դարձել են չարիք»,- ասաց Հասանովը:

Նա ընդգծեց՝ այսօր պատերազմ է ընթանում թուրքական բանակի և Սիրիայի քրդերի միջև: Թուրքական ուժերը գրավել են Սիրիայի քրդերի՝ խոշոր 4-5 քաղաքներ, ցանկանում են գրավել Քոբանի քաղաքը: Մարդիկ մահանում են, իսկ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողությունները չի կանխում: Հասանովը զուգահեռներ տարավ հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություների հետ: «Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները և իր «ձեռքը բարձրացնի» թուրքական և ադրբեջանական ագրեսիայի դեմ: Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար»,-նշեց Հասանովը:

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանն էլ հավելեց. «Թուրքիայի այսօրվա իշխանություններն այսօր ում հետ ինչ պայման էլ կապեն, դա կմնա թղթի վրա: Մինչև Թուրքիայի իշխանությունները չփոխվեն, մինչև Թուրքիայում ժողովրդավարություն չհաստատվի, ոչ մի հարևան, ոչ մի ազգ այդ տարածաշրջանում չի կարող հանգիստ ապրել»:

«Զագրոս» թերթի խմբագիր Լիանա Մհոյանն էլ ընթերցեց ուղերձը, որը պետք է հանձներ ՄԱԿ-ի գրասենյակին: «Այսօր ևս մեկ անգամ քուրդ ժողովուրդը ՄԱԿ մարդասիրական կազմակերպության միջոցով ցանկանում է ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ «պայքար ահաբեկչության դեմ» քողի ներքո Թուրքիային զինելու և քուրդ ժողովրդին ու ազատամարտիկներին վերացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն դարձան: Տարիներ շարունակ քուրդ ազատամարտիկներն ապացուցել են, որ իրենց պայքարն արդար է և համայն մարդկության համար է»,-ասաց նա՝ հավելելով, որ թուրքական կողմը պայքարում է ամենաստոր միջոցներով, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառությամբ:

Ուղերձում հարց էր առաջ քաշվում՝ դեռ որքա՞ն ապացույցներ են հարկավոր, որ ոճրագործ Թուրքիայի «ձեռքը կտրվի» և վերջ տրվի Մերձավոր Արևելքում տիրող քաոսին. այդ ամենը և Թուրքիայի շարունակական ճնշումները դուրս են մնում գերտերությունների օրակարգից:

Մհոյանն ուղերձը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա՝ տեռորիստ», ծածանում դրոշներ: Քրդերը սպասելու են իրենց ուղերձի պատասխանին, մարդասիրական քայլերի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

199