«Ակնհայտ է, որ այս մարդիկ խաբեցին ոչ միայն իրենց ընտրողներին, այլև ողջ հասարակությանը, քանի որ ոչ միայն չհեռացրեցին Նիկոլ Փաշինյանին, այլև դրժելով իրենց խոստումը, առանց որևէ օրակարգի՝ վերադարձան Ազգային ժողով ու հիմա խելոք աշխատում են՝ իրենց բնորոշմամբ՝ թուրքի առաջ կզած, հողատու ու դավաճան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության պատգամավորների մի մասի հրաժարականներին:

«Կարևոր չէ, թե «Հայաստան» խմբակցության որ պատգամավորներն են վայր դրել ու դնում մանդատները, կարևոր է այն, թե ովքե՞ր են պահպանում մանդատները։

Այս մարդիկ խոստացել էին չվերադառնալ խորհրդարան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, կամ քանի դեռ նրան չեն հեռացրել իշխանությունից, կամ վերադառնալու էին բացառապես իրենց օրակարգով։

Ակնհայտ է, որ այս մարդիկ խաբեցին ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ողջ հասարակությանը, քանի որ ոչ միայն չհեռացրին Նիկոլ Փաշինյանին, այլև դրժելով իրենց խոստումը, առանց որևէ օրակարգի՝ վերադարձան Ազգային ժողով ու հիմա խելոք աշխատում են, իրենց բնորոշմամբ, թուրքի առաջ կզած, հողատու ու դավաճան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։

Իրենց խնդիրն է, կամ ինչպես ասում են՝ իրենց մուր, իրենց գլուխը, բայց պետությունն է ափսոս, պետականությունն է ափսոս։

Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ փաստացիորեն ներկայումս խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի, ինչը շատ վտանգավոր է ու հղի միահեծան ու մեկ մարդու իշխանության ձևավորման վտանգով։

Ես ժամանակին զգուշացրել եմ այս մասին, սակայն 2021թ․ ամեն ինչ արվեց՝ այսպիսի խայտառակ ու անփառունակ Ազգային Ժողով ձևավորելու համար։

Մենք չափից դուրս լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած։

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է անհրաժեշտ, որը հայտ կներկայացնի հաջորդ իշխանությունը լինելու համար։

Մենք տարբերակ չունենք՝ ստեղծելու ենք իրապես ուժեղ ու արդար Հայաստան»,- գրել է Նորիկյանը:

1450