Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով մենք ազդարարում ենք ամանորյա տոնական ծրագրի սկիզբը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
«Տոնական լուսավորությունը այս տարի լինելու է բացառիկ, և վստահ եմ, որ բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որոնք իրականացվել են, քանի որ մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին, բոլոր վարչական շրջաններին»,– ասաց նա և նշեց, որ տոնական լուսավորությունը ողջ քաղաքով կմիանա մանկական Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ։
«Լուսավորման աշխատանքներ իրականացվել են մասնագետների կողմից, շենքերի վրա լուսավորության փակցման հետ կապված՝ քաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որ արվում է, հետագայում նաև շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը»,– հայտնեց Տիգրան Ավինյանը և նշեց, որ պատմամշակութային հուշարձանների հետ կապված՝ գարնանը մեծ ծրագիր ունեն։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ տոնական միջոցառումների ևս մեկ կոմպոնենտ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը, որը կգործի դեկտեմբերի հինգից մինչև հունվարի վեցը։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 7 համերգ ենք ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում։