Հայաստանը քիչ առաջ պաշտոնապես հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթիմ,ասնակից 16 երկրների պատվիրակներին։ Ժամանումից անմիջապես հետո կայացավ մրցույթի վիճակահանության փուլն ու հայտնի դարձավ, թե որ երկիրը որ համարի ներքո է ելույթ ունենալու։

Հայաստանի պատվիրակ՝ Նարեն, ելույթ կունենա 15-րդը։

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում այս պահին բարձր տրամադրությամբ և մեծ խանդավառությամբ մրցույթի մասնակից երկրների՝ Ալբանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ղազախստանի, Մալթայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, Վրաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչներն արդեն սպասում են գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

Նշենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին ընդառաջ Երևանում սովորականից ավելի վաղ էին մեկնարկել Ամանորի նախապատրաստական աշխատանքները։

Երևանը հեքիաթային հանդերձանքով իրական հրաշք է խոստանում։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

473