
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի դեմ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ պաշտպանական ոլորտում համագործակցության «անարդար սահմանափակումներ» են դնում։
«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է դաշնակիցների հետ համագործակցությունը: Բայց, ցավոք, երբեմն մենք բախվում ենք մեր որոշ դաշնակիցների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների, և դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա: Ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,- ասել է նախարարը երկուշաբթի օրը Il Messaggero թերթում հրապարակված հարցազրույցում։
Նա նաեւ նշել է իր երկրի դերը ահաբեկչության դեմ պայքարում, ինչի համար Անկարան մտադիր չէ «թույլտվություն մուրալ» որեւէ մեկից։ Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը և Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստականների ընդունումը։ «Խնդրում ենք հաշվի առնել, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան ներկայացնում է Եվրոպան ահաբեկիչների և փախստականների հոսքից պաշտպանող վերջին պատնեշը»,- եզրափակել է թուրք նախարարը։