
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մանուկների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի մասնակիցները նաև հայկական քոչարի են պարել:
Մանուկներին ամանորյա տրամադրություն պարգևելու համար նրանց են այցելել մուլտֆիլմերի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Տաթևիկ Բալայանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում, շրջափակված Արցախում շատ դժվար էր որոշել և կազմակերպել նման միջոցառում:
«Տոնածառի լույսերը պետք է վառվեին դեկտեմբերի 20-ին: Մի քանի օր հետաձգելուց հետո, քաղաքապետի և տեղակալների հետ մեկտեղ որոշեցինք չզրկել մեր երեխաներին այս հեքիաթային պահից: Հետաքրքիր է, որ այս միջոցառումը համընկավ 1941 թվականին Լենինգրադի բլոկադայի ընթացքում՝ դեկտեմբերի 23-ին տոնածառ տեղադրելու օրվա հետ: Եվ գուցե խորհրդանշական է այդ ամենը»,-նշել է Տ. Բալայանը:
Նա հավելել է, որ քաղաքապետարանի կողմից նախատեսվում է դեկտեմբերի 31-ի առավոտյան մայրաքաղաքի երեխաներին նվերներ բաժանել:
Տոնածառի լույսերի վառմանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Նա շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ՝ Արցախ աշխարհին մաղթելով խաղաղություն: Միջոցառման մասնակից բոլոր երեխաների ցանկությունները նույնն էին՝ ապրել խաղաղ Արցախում, պաշտպանել երկրի սահմանները, կրթվել ու դաստիարակվել միայն հայեցի:
Միջոցառմանը Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շնորհավորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2023 թվականն արցախցիների համար լինի խաղաղության, բարեբերության, լիության, առատության ու արևշատության տարի: