armenpress.am Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց,  թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․ բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ ներկայումս Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի՝ վերոնշյալ պաշտոնում նշանակվելու մասին հայտնել էր Թաթուլ Հակոբյանը։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներում նման տեղեկություն չկա, իսկ մեդիան, տեղեկությունը տարածելով, հղում է անում հայկական ԶԼՄ-ներին։

561