
ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գավառի տարածքային սպասարկման գրասենյակում ամփոփվել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2022 թվականի վիճակագրական տվյաները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, 2022 թվականի ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գավառի տարածքային սպասարկման գրասենյակում գրանցվել է 441 ծնունդ, 408 մահ, 168 ամուսնություն, 29 ամուսնալուծություն։ ՔԿԱԳ Գավառի տրածքային սպասարկման գրասենյակում կատարված գործարքների դիմաց համայնքային բյուջե է մուտքագրվել 6 միլիոն 600 հազար դրամ գումար։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականին Գավառ համայնքում գրանցվել է 506 ծնունդ, 538 մահ, 173 ամուսնություն, 21 ամուսնալուծություն։ Թեեւ 2022 –ին 2021-ի համեմատ նվազել են ծնունդները, սակայն մահերի համեմատ պահպանվել է դրական հաշվեկշիռը․ծնվածների թիվը 33-ով գերազանցել է մահացածների թվին, ի տարբերություն 2021-ի, երբ մահացածների թիվն է ծնվածներին գերազանցել 32-ով։