
ԱՄՆ նահանգների կեսից ավելիի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են չինական TikTok սոցիալական ցանցի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ դրանց տվյալները կարող են ձեռք բերել չինական իշխանությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ավելի քան 20 նահանգների իշխանությունները՝ «կառավարվող թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների կողմից», ձեռնարկել են այդ միջոցները՝ մտավախություն ունենալով, որ հավելվածը մեծ քանակությամբ օգտատերերի տվյալներ է հավաքում և խոցելի վիճակում է դնում ԱՄՆ ենթակառուցվածքը։ Որոշ նահանգներ նաև արգելել են Չինաստանի հետ կապված այլ հավելվածներ, ներառյալ WeChat-ը և AliPay-ը:
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նաև արգելեց օրենսդիր մարմնի անդամներին օգտագործել TikTok աշխատանքային սարքերում, քանի որ հավելվածը «բարձր ռիսկ է ներկայացնում օգտատերերի համար՝ անվտանգության մի շարք սպառնալիքների պատճառով»:
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ TikTok-ը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։