Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: 

«Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս առումով խորհրդանշական է նաև, որ Դուք Հայաստան ժամանեցիք հունվարի 2-ին, հավատացած եմ, որ նաև Ձեր ջանքերը կնպաստեն հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- իր խոսքում ընդգծել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Իր խոսքում նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրատնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու Երևան-Պրահա ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով: 

132