
Հայկական դեղին մամուլը հերթական որսն է սկսել։ Այս անգամ զոհը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։
Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում 112 մլն դրամով առանձնատուն են գնել։
«Աշխարհացունց» հոդվածն ենք կարդում և ինչ է պարզվում՝ Արարատ Միրզոյանն ու կինը առանձնատունը ձեռք են բերել հիփոթեքային վարկով։ Այսինքն այնպես, ինչպես ՀՀ տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք իրենց աշխատավարձին համահունչ վարկ են վերցնում և բնակարան գնում։
Հոդվածը տարածողները փաստորեն Արարատ Միրզոյանին մեղադրում են այն բանի համար, որ մարդը ոչ թե գողացել, թալանել, պետությունից խլել ու այդ փողով «դղյակ» է ձեռք բերել, ինչպես անում էին ժամանակին շատ օդիոզ պաշտոնյաներ, որոնք այսօր ամենից բարձրն են գոռում՝ բռնեք գողին, այլ իր վաստակած աշխատանքով որոշել է տուն գնել։
Եթե հարցը առանձնատան գինն է, ապա գրեթե բոլորը կփաստեն, որ այսօր Հայաստանում առանձնատների միջին կամ նվազագույն գները տատանվում են այդ թվի սահմանում։ Բացի այդ, Արարատ Միրզոյանի կինը աշխատում է մասնավոր կազմակերպությունում և բավական բարձր աշխատավարձ է ստանում։
Թե որն է այս ամբողջ պատմության լրագրողական հետաքննությունը՝ հայտնի է թերևս միայն հոդվածագրին կամ պատվիրատուին։
Սակայն, այստեղ կա մեկ ուշագրավ հանգամանք։ Արարատ Միրզոյանն այսօրվա իշխանական թիմի այն անդամներից է, որի հասցեին հստակ փաստարկված մեղադրանքներ դժվար է գտնել։ Ավելին, այս պատմությունն ունի նաև քաղաքական թիրախ։
Արարատ Միրզոյանը ղեկավարում է Հայաստանի դիվանագիտական ոլորտը։ Այն ոլորտը, որն այսօր բառի ուղիղ իմաստով ճակատամարտ է տալիս Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները չեզոքացնելու համար։ Եվ այսօր ոմանք թիրախավորելով Արարատ Միրզոյանին՝ թիրախավորում են ՀՀ դիվանագիտությանը։ Թե ում կամ որ երկրի պատվերով, դա արդեն այլ թեմա է։
Եվս մեկ ուշագրավ հանգամանք։ Միրզոյանն անկախ Հայաստանի արտաքին գործերի նախարարներից, թերևս, եզակիներից մեկն է, որը չի նշանակվել այլ երկրի «դաբրոյով», չի զբաղվում որևէ երրորդ երկրի պաշտոնյաներին զեկուցագրեր գրելով, այլ կատարում է մի աշխատանք, որը տեսանելի է հանրության համար։
Արարատ Միրզոյանի հիփոթեքով ձեռք բերած տան մասին հոդվածներն այսօր լույսի արագությամբ տարածում են այն լրատվամիջոցները, որոնց տերերը կամ աշխատակիցները ընդամենը մեկ-երկու պատվիրված սև հոդվածով են դառնում շքեղ բնակարանների, առանձնատների ու մեքենաների տեր։
Բռնեք գողին՝ գոռում են նրանք, որոնց աշխատանքը տարիներ շարունակ եղել է վարկաբեկող հոդվածներ պատվիրելը, որոնք տարիներ շարունակ աշխատելով պետական օղակներում՝ դարձել են դոլարով միլիոնատերեր, բանակի հաշվին ձեռք են բերել առանձնատներ, մսխել են պետական փողերը կազինոներում ու Տանզանիայի սաֆարիներում։ Սա է այսօր ազատ խոսքի սաֆարիներում որս իրականացնող մամուլի դեմքը։
Մկրտիչ Իսրայելյան