
Թուրքիայի եւ Սիրիայի ավերիչ երկրաշարժերից երկու շաբաթ անց մարդիկ սկսեցին նկատել, որ Միջերկրական ծովը տեղ-տեղ ծանծաղել է: Ինչու է դա տեղի ունեցել եւ ինչ սպասել ապագայում: Պետք է ասել, որ ջրի հետ կապված անոմալիաները տեղի են ունեցել ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Իտալիայում:
Օրինակ՝ Վենետիկի ջրանցքներում ջուրը նոսրացել է, եւ գոնդոլաները կանգնած են հենց գետնին: Որոշ գիտնականներ նման երեւույթը կապում են մակընթացությունների հետ` որպես լուսնի գրավիտացիոն ազդեցության արդյունք: Ընդհանրապես, գիտնականները կոչ են անում մարդկանց խուճապի չմատնվել: Ինչպես Վենետիկի դեպքում, Միջերկրական ծովը նույնպես ունի սեզոնային փոփոխություններ: «Համացանցում տարածված տեսանյութում տեղ գտած երեւույթը Միջերկրական ծովի միջին մակարդակի սովորական, սեզոնային փոփոխություն է, որը տեղի է ունենում ամեն տարի»,- հայտնել է ՌԳԱ Պ.Պ. Շիրշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի ցունամիների լաբորատորիայի վարիչը:
Ուղղակի Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերից հետո մարդիկ սկսել են ավելի հաճախ ուշադրություն դարձնել բնության փոփոխություններին, ինչի պատճառով ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակ խուճապ է առաջացնում: Բանն այն է, որ ժամանակ առ ժամանակ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում փոխվում են մթնոլորտային ճնշումն ու քամիները, ինչպես նաեւ Ատլանտյան օվկիանոսի ջրերի հետ փոխանակման ընթացքում ծովի ջրի խտության տատանումներ են լինում:
Ընդ որում խոսքը ոչ թե ջրի ինչ-որ կրիտիկական իջեցման մասին է, այլ մակարդակի` ընդամենը 20-30 սմ-ով փոփոխության: Այնուամենայնիվ, ստորգետնյա ցնցումների մի փոքր հետք այնուամենայնիվ կա: Ծովի հատակը կարող էր փոխվել որոշ տեղերում, եւ մյուսներում` ընդհակառակը` բարձրանալ։ Այդ պատճառով որոշակի տեղերում ծովի մակարդակը իսկապես աղետից հետո կարող էր փոխվել,- գրում է ԱԻՖ-ն:
«Երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, կարող է ազդել Միջերկրական ծովի ջրային տարածքի մի մասի վրա, առաջացնելով տեկտոնական շարժումներ: Ճիշտ է, եթե անգամ դրանք եղել են, ապա կրել են լոկալ բնույթ», - նշում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի հիդրոլոգիայի լաբորատորիայի գլխավոր աշխատակից, աշխարհագրական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կորոնկեւիչը:
Իհարկե, Միջերկրական ծովը ծանծաղել չի կարող, դա բացառված է: Բայց առանձին հատվածներ կարող են, սակայն դա խուճապի պատճառ չէ: Գիտնականները չեն անտեսում այս փաստը, շարունակելով ուսումնասիրել Մերձավոր Արեւելքում կործանարար երկրաշարժերի հետեւանքները, որպեսզի հասկանան, թե ապագայում ինչ կարող է սպառնալ: Դեռեւս գիտությունը որեւէ բացասական կանխատեսում չի տալիս: