Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե քաղաքի քաղաքապետարանը` ի դեմս Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերի, կնքել են համագործակցության համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի` կողմերը նախատեսում են համագործակցել մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երկու քաղաքների քաղաքացիների փոխադարձ ծանոթությունների, միջազգային երիտասարդական հանդիպումների, մի շարք այլ ոլորտներում:

Համաձայնագիրը կնքվել է հեռավար եղանակով։ Համաձայնագրի կնքմանը Գյումրիից ներկա են եղել Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը, համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Նազելի Էլբակյանը, Վիվիդ կրթական հիմնադրամի հիմնադիր Վարդուհի Բենդերը, տեսակապի միջոցով միացել էր նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է Էգբերտ Գայերին, այնուհետև խոսել երկու քաղաքաների համագործակցության, Գյումրու ներուժի, hայ-գերմանական կապերի զարգացման, համաձայնագրի կարևորության, Հալլեում գործող հայկական եկեղեցական համայնքի և Գյումրիի միջև առկա երկարամյա կապի ամրապնդման մասին․ «Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առկա է երկուստեք հետաքրքրություն և պատրաստակամություն: Հայ-գերմանական կապերը տարիների ընթացքում դինամիկ կերպով զարգանում են: Եվ այսուհետ արդեն համագործակցության նոր հարթակ կձևավորվի. մեր քաղաքները կհամագործակցեն, մասնավորապես, մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում»-ավելացրել է Վ․Սամսոնյանը:

Ողջույնի, շնորհավորանքի իրենց խոսքում համաձայնագրի կնքման կարևորության, երկու քաղաքների հետագա համագործակցության և մի շարք այլ հարցերի մասին խոսել են նաև Հալլեի (Սաալե) քաղաքապետ Էգբերտ Գայերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը։

769