Մարտի 8-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են մերզպետարանից:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը դեսպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ԱՄՆ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։