Մարտի 15-16-ը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ասել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել այս շաբաթ նախատեսված քառակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։

Մարտի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր չորս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Մոսկվայում տեխնիկական բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։ Նրա խոսքով, իրենք քննարկելու են այս պետությունների արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը։

2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս խորհրդակցություններից հետո պետք է կայանա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում կլինի Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի բանակցությունների հարցը։

 

661