ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր ըստ պետքարտուղարի, ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ:
Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման:
Զեկույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես նաև անցած տարվա բախումների ընթացքում զինծառայողների անօրինական մահապատժի վերաբերյալ հաղորդումներին: Ըստ զեկույցի՝ «սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերից հետո արժանահավատ հաղորդումներ եղան անօրինական մահապատիժների մասին, որոնք ներառում էին ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները»:
Զեկույցը մատնանշում է Human Rights Watch-ը և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հաղորդումները, որոնք պնդել են, որ տարածված տեսանյութում պատկերված են առնվազն յոթ հայ զինվորներ, որոնք անօրինական մահապատժի են ենթարկվել ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից:
Մատնանշվում է նաև մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է երեք հայ զինվորներին ռազմական դիրքի տարածքում ադրբեջանցի զինվորականների գերության ներքո: Հաղորդվում է, որ երեքի մարմիններն ավելի ուշ վերադարձվել են Հայաստանին և նրանց ինքնությունը հաստատվել է: