Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է: Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը մարդու առողջության 21 սպառնալիքներից մեկն է, իսկ զարգացած երկրներում ամենհահիմնական ռիսկի գործոնների տասնյակում է:

Համաձայն ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաների՝ 2021թ. ՀՀ-ում թմրանյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվը եղել է 7570, (2014թ.- 5357), որոնցից 62%-ն օգտագործել են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ; 38%-ը՝ այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներ, ընդ որում նրանց մեծամասնությունը (99.7%) օգտագործել էին օփիոնատիպ նյութեր և ընդամենը 0.3%-ը՝ կոկաին: Հարկ է նշել, որ օփիոնատիպ թմրամիջոցները կախվածության զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն և կարող են ավելի արագ առաջացնել կախվածություն, քան այլ խմբերի թմրանյութերը։

ՀՀ-ում օփիոնատիպ նյութերից առավել հաճախ օգտագործվում են օփիոնը, ացետիլացված օփիոնը, հերոինը, դեզոմորֆինը, ինչպես նաև ապօրինի մեթադոնը և բուպրենորֆինը (սուբուտեքսը):

Ներկայումս աշխարհում նոր արհեստական խթանիչներից լայնորեն օգտագործվում է նաև մետամֆետամինը (կրիստալ), որը պատկանում է ամֆետամինային շարքի խթանիչներին:

Սակայն Հայաստանի նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաները չեն տալիս որևէ հստակ տեղեկություն երկրում դրանց օգտագործման տարածվածության վերաբերյալ:

Մետամֆետամինն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է, որն համարվում է ամենաուժեղ թմրամիջոցներից մեկը։

Կախվածությունն առաջանում է արդեն իսկ ներերակային 3-5-րդ օգտագործման, իսկ ծխելու դեպքում՝ 2-3 շաբաթվա կանոնավոր օգտագործման ժամանակ:

Այն սպիտակ բյուրեղային փոշի է, որը պատրաստվում է ամֆետամիններից, որոնց ավելացվում են նարկոտիկ ազդեցությունը ուժեղացնող լրացուցիչ նյութեր: Շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, մետամֆետամինի արտադրությունն ու բժշկական օգտագործումը խիստ արգելված է։

Սակայն, օրինակ ԱՄՆ-ում այն ​​դեռևս նշանակվում է ճարպակալության և ուշադրության դեֆիցիտի խանգարման բուժման կարճաժամկետ կուրսերի ձևով: Դեղատներում վաճառվող դեղամիջոցը տրվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այն երկրներում որտեղ մետամֆետամինի արտադրությունն արգելված է, տարածված է դրա կուստար ձևով պատրաստված տարբերակը, որն ավելի վտանգավոր է, քանզի ամֆետամիններին ավելացվում են առողջության համար վտանգավոր էժան թունավոր նյութեր, օրինակ, ԱՄՆ-ում իզոպրոպիբենզիլամինը:

Մետամֆետամինի օգտագործման հաճախականությունը ոչ բժշկական նպատակներով, համեմատած զարգացող երկրների հետ, շատ ավելի բարձր է զարգացած երկրներում (օրինակ, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում):

Ըստ 2019թ. ԱՄՆ-ում իրականացված հետազոտության արդյունքների՝ մետամֆետամին օգտագործող 12 և բարձր տարիքի անձանց թիվը կազմում էր շուրջ 1.9 մլն: Համաձայն նույն թվականին Ավստրալիայում իրակականացված հետազոտության արդյունքրեի՝ 14 և բարձր տարիքային խմբում նրանք կազմում էին ամբողջ բնակչության 1.4%: Զարգացող երկրներից մետամֆետամինն ավելի հաճախ օգտագործվում է Հարավարևելյան Ասիայի երկրներում:

Հաշվառված անձանց շրջանում 2021թ. գերակշռում էին 28-49 տարեկան անձինք (56,78%), 20.30%-ը եղել են 19-27 տարեկանների խմբում, 20.24%-ը ՝ 50-64, 2,50%-ը ՝ 65-ից բարձր, 0,13%-ը՝ 18 տարեկանների և 0,05%-ը ՝ մինչև 18 տարեկանների խմբում: Նույն տարեթվին առաջին անգամ հաշվառված անձանցից 54.3%-ը նույնպես գտնվել են 28-49 տարեկանների խմբում: 2021թ. դրությամբ հաշվառված անձանց ընդհանուր թվի մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 2.0%:

Ըստ 2009-2010թթ. մեր երկրում իրականացված դպրոցականների առողջության վարքագծի ուսումնասիրության ծրագրի արդյունքների՝ 15 տարեկան տղաների 7%-ը երբևէ գործածել են կաննաբինոիդային խմբի թմրամիջոց, ընդ որում նույն տարիքային խմբի աղջիկների խմբում թմրամիջոցների գործածման դեպք չի արձանագրվել:

«ՀՀ տարածքում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտներով» սահմանված են խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և բուժում: ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական անվճար բուժօգնության և սպասարկման ամբողջ ծավալը երաշխավորված է պետության կողմից և իրականացվում է պետական պատվերի հիմունքներով:

Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական և վիճակագրական տվյալները մնում են խիստ աղքատիկ, քանի դեռ թմրամիջոցների վերաբերյալ հետազոտությունների ակտիվությունն անբավարար է, իսկ առկա տվյալներն էլ արտացոլում են միայն իրավիճակի որոշակի, այլ ոչ թե համընդհանուր պատկերը:

Թմրանյութերի շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի տարածքում իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային, 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիային և 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային համապատասխան։

Բուժհաստատություններում թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդներին տրամադրվում է առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում, որը, նախքան փոխարինող բուժման ներդրումը, բուժման միակ մեթոդն էր և ուներ ցածր արդյունավետություն, քանզի բուժման ավարտից հետո բուժառուները վերսկսում էին թմրամիջոցների օգտագործումը:

2009 թվականից սկսած նախ Երևանում, ապա Գյումրու, Լոռու, Սյունիքի բժշկական հաստատություններում օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվում է նաև մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ), որը համարվում է առավել արդյունավետ և ժամանկակից բուժման մեթոդ:

Կլինիկական ուղեցույցի համաձայն՝ ՄՓԲ ծրագրում ընդգրկման անհրաժեշտ հիմքերն են.

• ՀՄԴ դասակարգիչի 10-րդ վերանայմամբ սահմանված «Հոգեկան և վարքային խանգարումներ օփիոնատիպ նյութերի գործածման հետևանքով. կախվածության համախտանիշ» ախտորոշումը

• հիվանդի գրավոր համաձայնագիրը

• 18 տարեկանից բարձր տարիքը

• ապօրինի թմրամիջոցների գործածումը դադարեցնելու ինքնուրույն և դետոքսիֆիկացիոն բուժման երկու կամ ավելի անարդյունք փորձերը:

Հարկ է ընդգծել, որ ՄՓԲ ներդրումը ՀՀ-ում մեծապես նպաստել է նարկոլոգիական բուժման արդյունավետության և օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց կողմից նարկոլոգիական ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը: Սակայն, այն միևնույն է մնում է ցածր բուժառուներին տրամադրվող ծառայություններում որակյալ հոգեբանական և սոցիալական աջակցության, ինչպես նաև վերականգնողական բուժման բացակայության պատճառով:

Համաշխարհային պրակտիկայում օփիոիդներ օգտագործող անձանց մոտ դրանց ազդեցությունը և հատկապես գերդոզավորման ժամանակ բացասական երևույթները և մահացության մակարդակը նվազեցնելու նպատակով այսօրվա դրությամբ զարգացած երկրներից շատերը իրականացնում են նալոքսոնի տարածման ծրագիր, որն ցույց է տվել բարձր արդյունավետություն: Նալոքսոնը՝ օփիոիդային անտոգոնիստ է, որն օգտագործվում է թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած թունավորումների բուժման նպատակով: Այն նվազեցնում է օփիոիդների օգտագործման ժամանակ առաջացող շնչառական դեպրեսիայի ախտանիշները, հիպոթենզիան: Միևնույն ժամանակ դեղորայքն անարդյունավետ է ոչ օփիոիդային նյութերից առաջացած շնչառության ընկճման (հիպովենտիլյացիայի) ախտանիշները բուժելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նալոքսոնի օգտագործման ժամանակ որոշ դեպքերում գրանցվել է կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հեռացման համախտանիշ՝ դեղամիջոցի ոչ ադեկվատ չափաբաժնի կիրառման դեպքում), այն համարվում է անվտանգ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում թմրամիջոցներ օգագործողների ավելի քան մեկ երրորդը կիրառում է օփիոնատիպ թմրամիջոցներ, նալոքսոն դեղամիջոցի ձեռքբերումը և նմանատիպ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենար ՀՀ-ում նարկոլոգիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վրա:

Նալոքսոնի տարածման ծրագիրն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, մի շարք այլ Եվրոպական երկրներում, Ավստրալիայում և այլ երկրներում և նպաստել է օփիոիդների գերդոզավորումից մահացության մակարդակի կտրուկ նվազմանը: Օրինակ, ըստ իրականացված հետազոտությունների արդյունքների, ԱՄՆ-ի որոշ նահանգներում այն իջել է ավելի քան 50%-ով, Ավստրալիայում՝ 30-40%-ով: Իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման արդյունքները հաստատում են նալոքսոնի տնային պայմաններում օգտագործման բարձր արդյունավետությունը՝ մահերի դեպքերը կանխելու համար:

Ըստ ԱՀԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների դեմ պայքարի միջոցառումները պետք է լինեն ամբողջական, հավասարակշռված (balanced) և ապացուցողական բժշկության մոտեցումների վրա հիմնված:

ԱՀԿ-ի կողմից 2004թ. առաջարկված և 2014թ. վերանայված թմրամոլության և նրա վնասի կանխարգելման միջոցները ընդգրկում են.

1. Կանխարգելիչ միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամիջոցների օգտագործման և դրանցից կախվածության զարգացման ռիսկի նվազմանը,

2. Բուժական միջոցներ, որոնց նպատակն է կախվածություն ունեցող անձանց թմրամիջոցից հրաժարվելու նպատակով բժշկական օգնությամբ և վերականգնողական միջոցներով ապահովումը,

3. Թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած վնասի նվազման միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամոլության բացասական հետևանքների նվազմանը, նույնիսկ այն անձանց խմբում, ովքեր պատրաստ չեն հրաժարվելու թմրամիջոցների օգտագործելուց: Վնասի նվազման ծրագրերին են պատկանում ներարկիչներով ապահովումը, գերդոզավորման կանխարգելումը, փոխարինող բուժումը,

4. Իրավապահական միջոցներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների հասանելիության նվազմանը և մատակարարման շղթայի խախտմանը.

5. Գնահատող միջոցներ՝ ուղղված կանխարգելիչ, բուժական և վնասի նվազման և իրավապահական միջոցների արդյունավետության մոնիթորինգին:

ԱՀԿ-ի կողմից թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման առաջարկված սկզբունքները և ստանդարտները՝

• Բուժման առկայության, մատչելիության, գրավչության և համարժեքության ապահովման անհրաժեշտությունը,

• Բուժման ընթացքում էթիկական նորմերի փահպանումը,

• Թմրամիջոցների օգտագործման խանգարումների բուժման խթանում քրեական արդարադատության, առողջապահական և սոցիալական խնամքի համակարգերի միջև արդյունավետ համակարգման (coordination) միջոցով,

• Բուժման հիմնվածությունը գիտական ​​ապացույցների վրա և համապատասխանոթյունը թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումներ ունեցող անձանց սպեցիֆիկ կարիքներին,

• Բնակչության խմբերում բուժման հատուկ կարիքների և խնամքի կարիքներին արձագանքելը,

• Թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման ծառայությունների և ծրագրերի կլինիկական կառավարման պատշաճ ապահովում,

• Բուժման ծառայությունները, ռազմավարությունները և գործընթացները պետք է ապահովեն բուժման համալիր մոտեցումը, իսկ լրացուցիչ ծառայությունների հետ համագործակցությունը պահանջում է շարունակական մոնիթորինգ և գնահատում:

Նշենք, որ թմրամիջոցները կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող և հոգեկան ֆունկցիաների (ընկալման, գիտակցության, ճանաչողության կամ տրամադրության և հույզերի) խանգարում առաջացնող բուսական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դեղամիջոցներ կամ բույսեր են, որոնք առաջացնում են կախվածության համախտանիշ:

Թմրամիջոցների տարբեր դասակարգումներ կան, այդ թվում, ինչպես առանձին՝ ըստ քիմիական կառուցվածքի կամ կլինիկական ազդեցության, այնպես էլ խառը:

Թմրամիջոցներից առաջացող կախվածությունը հանդիսանում է քրոնիկական ընթացք ունեցող, ռեցիդիվներ առաջացնող, սակայն կանխարգելման և բուժման ենթարկվող բարդ և բազմագործոնային պաթոլոգիա: Որպես հետևանք այն առաջ է բերում ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վիճակի խաթարում։ Ընդ որում, սոցիալական հետևանքները ամենատեսանելի և սովորաբար ամենաշատ խնդիրներ առաջացնող հետևանքներն են․ սոցիալական մեկուսացում, ֆինանսական անկայունություն, հանցավոր վարքագիծ և այլն։

Թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումները բերում են այնպիսի այլ հիվանդությունների ձեռք բերման ռիսկի բարձրացմանը, ինպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը և սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև այնպիսի երևույթների, ինչպիսիք են ինքնասպանությունները, գերդոզավորումից մահացությունը: Ամբողջ աշխարհում թմրամիջոցների և հոգեմետ միջոցների արտադրությունը, տարածումը, վաճառքը կամ ոչ բժշկական օգտագործումը օրենքով սահմանված ուղիներից դուրս վերահսկվում կամ արգելվում է: Դրանց հասանելիության սահմանափակման աստիճանը կախված է առողջությանը սպառնացող ռիսկերից և թերապևտիկ օգտակարությունից:

Համաձայն ԱՀԿ-ի 2022 թվականի «Թմրամիջոցների վերաբերյալ զեկույցի»՝ 2020 թվականի դրությամբ աշխարհում 15-64 տարեկան հասակում գտնվող բնակչության 5,6%-ն օգտագործել են թմրամիջոցներ վերջին 12 ամիսների ընթացքում։ Մտահոգիչ է վերջին տասնամյակների ընթացքում թմրամիջոցների շուկաներում առկա նյութերի բազմազանությունը, այդ թվում նաև նոր վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների, դրանց հնարավոր համակցությունները: Բացի դասական բուսական նյութերից` կանեփից, կոկաինից և հերոինից, վերջին տասնամյակներում դիտվել է նաև սինթետիկ թմրամիջոցների դինամիկ շուկաների ընդլայնում և թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործում:

706