Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր երեկոյան ժամը 21։00-ին ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլում կհանդիպեն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Araratnews.am-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, ով 2008 թվականին խաղացել է Թուրքիայի դեմ հանդիպմանը։ 

«Ակնկալիքներս իհարկե դրական են, բայց դրա հետ մեկտեղ հասկանում եմ, որ կան խնդիրներ, որոնք որ դեռ լուծված չեն և դրանց համար երկար ժամանակ է պետք։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի՝ Ալեքսանդր Պետրակովը, ով թիմի հետ անցկացրել է ընդամենը մեկ շաբաթ։ Ունենք նաև նոր ֆուտբոլիստներ, որոնք իհարկե տաղանդավոր են և մեծ պոտենցիալ ունեն»։ 

Ընդգծել է այն հանգամանքը, որ իրար հասկանալու, իրար հետ խաղալու տակտիկան, տեխնիկական հարցերը լուծելու համար մի քանի խաղ դեռ անհրաժեշտ է, որպեսզի թիմը մերվի նոր իրավիճակին։ «Հին տղերքը, ովքեր երկար ժամանակ հավաքականում են խաղում ճանաչեն նորերին, նորերը հներին։ Հոգեբանությունը ամբողջովին համապատասխանի հավաքականին։ Եվ շատ ու շատ այլ հարցեր։ Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, այս ոգևորորության ֆոնի վրա, որը որ հիմա կա հավաքականում և երկրպագուների շրջանում,  իր դրական դերը կունենա»։Ըստ Պաչաջյանի մրցակիցը սկզբունքային է․ «Անչափ սկզբունքային մրցակցի հետ ենք հանդիպում և այսօրվա հաղթանակը ինչ-որ չափով մեր ռեվանշը կլինի անցած տարինների ընթացքում կրած երկու պարտության համար։ Միմիայն դրական էմոցիաներով, միմիայն հաջողություն մաղթելով ուզում եմ աջակցեմ մեր հավաքակակնին և համոզված եմ բոլոր երկրպագուները, ովքեր ֆուտբոլով հետաքրքվում են միայն հաղթանակ են ակնկալում։ Բայց ինչ էլ լինի մենք մեր հավաքականի հետ ենք և ուզում եմ, որ ֆուտբոլիստները մի վայրկյան անգամ չկասկածեն և ճնշվածություն չզգան այդ առումով»։ 

Անդրադառնալով 2008-ի և 2023-ի Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին ասաց․ «Տարբեր ժամանակահատվածներ են ու շատ բարդ է ամբողջությամբ համեմատական հասկացնել։ Կարծում եմ Թուրքիայի դեպքում հավաքականը այն ժամանակ ավելի ուժեղ էր, ավելի անհատականություններ կային այդ թիմում։ Բայց ամեն դեպքում Թուրքիան բավականին մրցունակ է և միշտ էլ ուժեղ հավաքական է ունեցել, մանավանդ մեր տարածաշրջանում միշտ դժվար է նրանց հետ խաղալ։ Իսկ մեր դեպքում դեռ վաղ է ինչ-որ ֆուտբոլային համեմատություններ հասկացնել, որովհետև ունենք նոր մարզիչ, նորեկներ, թիմը դեռ նոր պետք է ձևավորվի և մի քանի ամսից նոր կտեսնենք այս թիմի պոտենցիալը և կկարողանանք վերլուծել։ Համենայնդեպս լավատես եմ և հույս ունեմ մենք կունենանք ուրախանալու առիթ»։ Եզրափակելով հաջողություն և հաղթանակ մաղթեց մեր հավաքականին։ 

696