«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանը, որը դժգոհություն է հայտնել Globbing բեռնափոխադրող ընկերությունից և ներկայացրել ընկերության հետ համագործակցելու ընթացքում կրած վնասները:

Բանն այն է, որ քաղաքացին նախորդ տարվա նոյեմբերի վերջ կաթսաներ է պատվիրել Չինաստանից, տասը օր անց հաղորդագրություն ստացել, որ պատվերը հասել է Globbing-ի Չինաստանի պահեստ, սակայն ստանդարտ տարբերակով փոխանցելու փոխարեն այն փոխանցվել է էքսպրես տարբերակով, ինչը ենթադրում է հնգապատիկ ավելի վճար:

«Քանի որ հաղորդագրությունում շատ ավելի մեծ գումար էր նշված, քան ապրանքի գինն է,  ստանդարտ եղանակով փոխանցումը ներառյալ, միանգամից կռահեցի, որ սխալմունք  է եղել: Կապվեցի իրենց հետ, ասացի, որ ես ստանդարտ տարբերակով եմ պատվիրել, բայց հաղորդագրությունից ելնելով՝ այն փոխանցվելու է էքսպրես տարբերակով: Ասացին՝ հայտ կգրեն, կուղղեն իրենց սխալը: Մի քանի օրից նորից հաղորդագրություն ստացա, որ ապրանքն արդեն ուղարկել են, նորից զանգեցի, ասացին՝ ոչինչ, կգա կպարզենք»,- պատմում է Գագիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է հաղորդագրություն, որ իր բեռն արդեն օդանավակայանում է, իսկ իրեն զանգել են դեկտեմբերի 27-ին:

«Զանգահարեցին ասացին, որ արկղի վրա ոչինչ չկա գրված՝ ո՛չ հասցե, ո՛չ հեռախոսահամար, հարցրի՝ այդ դեպքում ինչպե՞ս իմացաք, որ իմ պատվերն է, պարզաբանեցին, թե վրան համապատասխան թվեր կան, հարցում ենք արել և պարզել: Ես հետո միայն կռահեցի, որ ապրանքը պատվիրել եմ Չինաստանի արտադրողների կայքից, որը մինչև հստակ չի ճշտում բնակության վայր, հասցե, պատվեր չի ընդունում: Այսինքն՝ Globbing-ի՝ Չինաստանի պահեստ հասնելուց ծանրոցի վրա եղել է հասցե, հիմա ո՞ւմ մեղքով է պոկվել, բնականաբար, Globbing-ի ենթակայության տակ է եղել, սակայն նրանք իրենց մեղքը չեն ընդունում»,- ասում է նա:

Գագիկ Հովհաննիսյանի խոսքով՝ չորս ամիս առաջ պատվիրված ծանրոցը դեռ իրեն չի հասել, փորձել է բոլոր ուղիներն ու ճանապարհները:

«Այս տարվա հունվարին հանգամանալից ներկայացրել եմ բոլոր այն թղթերը, որոնք վկայում են իմ նշած կետերը, որ մինչ այդ տրամադրվել են և՛ հասցե, և՛ տվյալներ, որոնք ես ո՛չ կարող եմ փոխել, ո՛չ էլ կեղծել: Դիմել եմ անգամ հարկային, որից հետո զանգեցին, ասացին՝ դիմում գրեմ, հիմքերը ներկայացնեմ: Խնդրեցի, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում ինձ պատասխանեն, սակայն «արհամարհած ունեն»: Մեկ ամիս հետո միայն գրավոր պատասխանել են, այն էլ այն դեպքում, որ շաբաթը երեք-չորս անգամ զանգահարել, հիշեցրել եմ ու պահանջել, որ զբաղվեն դրանով, միշտ ժամանակ են ձգում: Կապի են դուրս գալիս, հենց վերադասներից որևէ մեկի հեռախոսահամարն եմ խնդրում, ասում են՝ ասեք, կփոխանցենք: Այնպիսի գաղտնիություն ու զգուշություն են ցուցաբերում՝ ասես Ազգային անվտանգության կոմիտե ես զանգում»,- նշում է քաղաքացին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

846