
Ղազախստանն ու Չինաստանը փոխադարձ, առանց վիզայի ռեժիմ կմտցնեն, ըստ որի՝ սահմանը հատելու պահից երկու երկրների քաղաքացիները կարող են գտնվել հարակից տարածքում 30 օր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հայտնում է avesta.tj-ն։
Գործակալության տվյալներով՝ երկու պետությունների արտաքին գործերի նախարարություններն արդեն մշակել են համապատասխան համատեղ բանաձեւ։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները, որոնք ունեն միջազգային անձնագրեր և մուտք են գործում հարևան երկիր զբոսաշրջության, բուժման, տարանցման, գործնական հանդիպումների նպատակով 30 օրից ոչ ավելի, ազատվում են վիզայի պահանջից։ Ընդհանուր առմամբ, 180 օրվա ընթացքում հնարավոր կլինի առանց վիզայի այլ երկրում մնալ 90 օր։
Եթե Ղազախստանի կամ Չինաստանի քաղաքացիները նախատեսում են սահմանված ժամկետից ավելի երկար մնալ հարևան երկրներում, ապա սահմանը հատելուց առաջ նրանք պետք է դիմեն վիզայի համար։
Փաստաթղթում ասվում է, որ կողմերն իրավունք ունեն մերժել մուտքը կամ կացության փաստաթղթեր տրամադրել հարևան պետության քաղաքացիներին՝ ազգային անվտանգությունը, հասարակական կարգը կամ հանրային առողջությունը ապահովելու համար՝ Ղազախստանի և Չինաստանի օրենքներին համապատասխան։