Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և նվաճեց արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում՝ ոսկե մեդալ։
Լրագրողների հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ յուրաքանչյուր մարզիկ պայքարում է ոսկե մեդալի համար․ «Յուրաքանչյուր մարզիկ պայքարում է չեմպիոնի կոչման համար։ Բայց այս պահին գոհացնում է, որովհետև վնասվածք ունեի և աշխարհի առաջնությանը B խմբում մասնակցեցի։ Սակայն լավ հանդես չգալու պատճառով բոլորը մտածեցին, Անդրանիկ Կարապռտյանի սպորտային կարիերան ավարտելու ժամանակն է։ Հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում։ Իսկ հիմա վնասվածք չկա և կա միայն արդյունք»։
Անդրանիկը արծաթե հաղթանակը նվիրեց որդուն․ «Հրման երկրորդ մոտեցման ժամանակ, երբ ծանրաձողը վերցնում էի և արդեն բռնել էի այն, լսեցի երեխայի ձայն «պապա»։ Այդ ժամանակ ինքս ինձ խոսք տվեցի, որ սա քեզ համար եմ անում, տղես»։