Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։ Ողջունելով ծրագրի մեկնարկը և շնորհավորելով գործընկերներին նախորդող երկարատև աշխատանքի արդյունքում մշակված պայմանագրի ստորագրման առթիվ, նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում տեսանելի կլինեն ծրագրի արդյունքները։

«Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից»,-նշել է նախարարը։ Ծրագրի ամբողջ բյուջեն կազմում է շուրջ 26 միլիոն եվրո։ Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են կենսաբազմազանությամբ հարուստ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորմանը։

Ծրագրի տևողությունը նախատեսվում է 6 տարի, որին կնախորդի ծրագրի խորհրդատուի կողմից շուրջ 6 ամիս տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման մեկնարկային փուլը։ Դրամաշնորհային աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ Դրամաշնորհային ծրագիրը ունի հետևյալ հիմնական բաղադրիչները՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնության հուշարձանների բարելավում ու կառավարում, ինչպես նաև էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտների վերականգնում և անտառվերականգնման միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։ 

520