Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասությունը:

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման և միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման դեպքում տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որն իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ: Արդյունքում, բազմաբնակարան շենքերի կառավարումը կիրականացվի առավել արդյունավետ:

««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունների արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Արդյունքում, ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում և բարելավում, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում և կանխարգելում:

490