Համատիրությունների մեծ մասն իսկական գլխացավանք է բնակիչների համար: Բնակիչ-համատիրություն «դարավոր» կռիվը, թվում է, վերջ չունի:

Չնայած մայրաքաղաքում լավ պրպտելիս կարող ես գտնել բազմաբնակարան շենքերի կառավարման հաջող օրինակներ, սակայն մեծ մասամբ ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած համակարգի հետ ենք առնչվում մինչ օրս: 

Խորենացի 30 հասցեի շենքի գրեթե անգործության մատնված համատիրությանն  Araratnews.am-ը անդրադարձել է բազմիցս: 

Բնակիչների մեծ մասը պարտաճանաչ վճարել է համատիրությանը, սակայն ո՛չ հաշվետվություն են տեսել, ո՛չ էլ կատարված աշխատանք, ինչի մասին թմբկահարում են շուրջ 20 տարի: Պատկան մարմինն էլ՝ Երեւանի քաղաքապետարանը, նախկինում եւ հիմա չի արձագանքել հրապարակումներին: Իսկ շենքը բազում խնդիրներ ունի՝ հին վերելակներ, փակման ենթակա հաճախ խցանվող աղբատար խողովակներ, գարշահոտություն: Դե շենքի ֆիզիկական մաշվածությունը, վերջին տասը տարում երբեւէ չվերանորոգված լինելը թե՛ դրսից, թե՛ ներսից` աչք է ծակում: 

Սա էլ դեռ ամենը չէ: Վերջերս Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ համատիրության աշխատակիցը բնակիչներին իբր չվճարված գումարների ցուցակ է ներկայացրել,  որտեղ ներառված էին նաեւ այնպիսի բնակիչների անուններ, որոնք վաղուց Խորենացի 30 շենքում չեն բնակվում: Իսկ շատերն էլ վաղուց կատարել են վճարումները, բայց չգիտես ինչու, որպես պարտք, կլորիկ գումարներ է գրված նրանց անվան դիմաց։

Ի՞նչ անեն բնակիչներն այս դեպքում, ո՞ւմ դիմեն, եթե համատիրության ծառայություններն նրանց չեն գոհացնում: 

Երեւանի քաղաքապետարանը ի պատասխան մեր հարցմանը հորդորում է բնակիչներին դուրս գալ գործող համատիրության կազմից, նոր կառավարման մարմին ստեղծել կամ շենքը ընդգրկել  գոյություն ունեցող որևէ այլ կառավարման մարմնի կազմում:

Լավ հորդոր է, անխոս, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»  և «Համատիրության մասին» ՀՀ օրենքների համաձայն, սակայն, եթե տվյալ հասցեում բնակիչների մեծ մասը վարձակալներ են, սեփանակատերերին  գտնելը դժվար է, նրանց մի մասն արտերկրում է, իսկ շենքը ընդգրկել կառավարման մարմնի կազմում, պետք է բնակիչների 1/3-րդի ստորագրությունը, ինչպես անել այս դեպքում: 

Համատիրության պարտքերի, ֆինանսական խնդիրների պատասխանատուն եւս, պարզվեց, քաղաքապետարանը չէ: «Ինչ վերաբերում է համատիրության կողմից պահանջվող պարտքերի անհիմն լինելուն, ապա հարցը կարող է վիճարկվել դատական կարգով»,- տեղեկանում ենք հարցման պատասխանից: 

Գործը դեռ դատարանում չէ: Այնտեղ լինելու դեպքում էլ, եթե խոսքը 3 տարի եւ ավելի պարտքի մասին է, գոյություն ունի հայցային վաղեմություն, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են չվճարել պարտքերը: Չնայած համատիրության ղեկավարը դեռ պետք է հիմնավորի, ապացուցի պարտքերի հիմնավոր լինելը դատարանում: 

Քաղաքապետարանի պատասխանից հուսադրողն այն է, որ բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառի խնդիրների կանոնակարգման նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Քաղաքապետարանի վստահեցմամբ` շենքի վերելակները կփոխվեն այս տարի, չնայած լուրեր են շրջանառվում, որ վերելակների փոխվելը  նախատեսված է հաջորդ տարի: 

Հուսանք՝  կառավարությունը  բազմաբնակարան շենքերի կառավարման նոր համակարգ ստեղծելիս հաշվի կառնի նաև  սեփանականատերերի` արտերկրում  ապրելու հանգամանքն ու ընդհանրապես կստեղծի կառավարման մի մոդել, որտեղ մարդկային գործոնը կհասցվի նվազագույնի:

Սոնա Դավթյան

 

 

  

 

 

 

3933