
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականին մենք հանձնել ենք ամբողջապես հիմնանորոգված երեք առողջապահական կենտրոններ՝ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղն է, երկու խոշոր առողջապահական կենտրոններ՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում, և Ավան վարչական շրջանում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նախատեսում ենք հիմնանորոգել ևս վեց առողջության կենտրոններ՝ պոլիկլինիկաներ: Այս պահին ընթանում են Նորք-Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները»,- նշեց քաղաքապետը: Նա նաև ավելացրեց, որ անգլիացի գործընկերների հետ քննարկում են մեծ բազմապրոֆիլ ԲԿ-ի կառուցման հարցը:
Տիգրան Ավինյանն անդրադարձավ շտապօգնության ծառայությանը: «Շտապ բուժօգնության ծառայությունը շատ ծանր ֆինանսական վիճակից՝ մոտավորապես 3 տարի առաջ 140 մլն դրամ վնասից, մենք այս պահի դրությամբ հասցրել ենք իրականացնել առողջացման ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել ավտոմեքենաներ՝ այս տարի շտապ բուժօգնության ծառայությունը 7 նոր մեքենայով է համալրվելու: Մեր 100 տոկոսից էականորեն պակաս զանգերի սպասարկման թիվը, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի։ Չկա մարդ, որը զանգում է շտապ բուժօգնություն, և այն իրեն հասանելի չէ»,- ասաց Ավինյանը: