Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը Ստոկհոլմում մասնակցել է Եվրոպական մաքսային քիմիկոսների 9-րդ սեմինարին (9SECC):

Միջազգային սեմինարին մասնակցել են 39 երկրի շուրջ 190 ներկայացուցիչներ՝ մաքսային լաբորատորիաների ղեկավարներ և քիմիկոսներ ԵՄ անդամ և թեկնածու պետություններից, ինչպես նաև Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ գործընկեր կազմակերպություններից։ Եռօրյա միջոցառման շրջանակում անցակցվել են ինտերակտիվ լիագումար և զուգահեռ նիստեր, որտեղ քննարկվել են  ԵՄ-ում և ամբողջ աշխարհում մաքսային լաբորատորիաների ընթացիկ մարտահրավերներին ու գործունեությունը։ Սարքավորումներ արտադրող ընկերությունները ներկայացրել են նաև ոլորտի նորարարական տեխնոլոգիական լուծումները։

ՀՀ մաքսային կցորդը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մաքսային փորձաքննության գործող համակարգը և զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, նա անդրադարձ է կատարել արտապատվիրված առևտրային փորձարկումներից դեպի պետականորեն կառավարվող, կենտրոնացված մաքսային փորձաքննության համակարգ անցնելու ճանապարհային քարտեզին, որի իրականացումը կնպաստի սահմանային անվտանգության և հանրային առողջության պաշտպանության ամրապնդմանը․ «Արդի մարտահրավերներին դիմակայելու համար գործող համակարգերը պետք է լինեն ոչ թե պարզապես արձագանքող, այլ հիմնված՝ տվյալների և վերլուծությունների վրա (intelligence-driven)։ Նման համակարգը հնարավորություն կտա ժամանակին բացահայտել ռիսկերը, կանխարգելել ապրանքների անօրինական տեղափոխումը մաքսային սահմանով և նվազեցնել քիմիական նյութերի սխալ դասակարգման դեպքերը»։

Անդրադառնալով միջազգային համագործակցության նշանակությանը՝ Միքայել Խաչատրյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվել է ապագա մաքսային փորձաքննության համակարգի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության իրավական քարտեզագրումը։ Միաժամանակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ մեկնարկել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ մաքսային լաբորատորիայի ստեղծման և գործարկման պայմանների համապարփակ վերլուծության նպատակով։

Սեմինարը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) կողմից՝ Մաքսային լաբորատորիաների եվրոպական ցանցի (CLEN) միջոցով, Շվեդիայի մաքսային վարչության հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի կարգավորումները, արհեստական բանականության կիրառումը, Սահմանային ածխածնային կարգավորման մեխանիզմը (CBAM) և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Նշվել է, որ այս ուղղությունները շարունակելու են մնալ CLEN-ի հետագա գործունեության առանցքային թեմաներից։

121