Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները կպայքարեն 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։

Ֆրանսիայի հավաքականը վստահ ելույթ է ունենում մրցաշարում՝ հաղթելով անցկացրած բոլոր վեց հանդիպումներում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խփել է 16 գոլ, բաց թողել՝ ընդամենը 2-ը։ Քառորդ եզրափակչում ֆրանսիացիները 2:0 հաշվով հաղթեցին Մարոկկոյին և անընդմեջ երրորդ անգամ դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Ֆրանսիան դարձավ պատմության մեջ երրորդ հավաքականը, որը երեք անընդմեջ աշխարհի առաջնություններում (2018, 2022, 2026) հասել է կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ նման արդյունքի հասել էին միայն Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները։

Թիմի առաջատարը Կիլիան Մբապեն է, որը վեց խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։ Նա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն աշխարհի երկու անընդմեջ առաջնություններում խփել է առնվազն ութական գոլ։ Բացի այդ, Մբապեն ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուների ցուցակում ութ գոլով հավասարվել է Լիոնել Մեսիին։ Նա նաև դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության առաջին խաղացողը, որը հատել է 100 արդյունավետ գործողության սահմանագիծը՝ գրանցելով 64 գոլ և 36 գոլային փոխանցում։

Եթե Ֆրանսիան հաղթի կիսաեզրափակչում, ապա կդառնա պատմության մեջ երկրորդ հավաքականը Բրազիլիայից (2002) հետո, որը մեկ աշխարհի առաջնությունում կտոնի յոթ հաղթանակ։ Նման արդյունք ֆրանսիացիները գրանցել էին նաև 1998 թվականի տնային առաջնությունում։

Եզրափակիչ դուրս գալու դեպքում Մբապեն կդառնա պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը Կաֆուից (1994, 1998, 2002) հետո, որը երեք անընդմեջ աշխարհի առաջնությունների եզրափակիչներում կմասնակցի։ Նույն նվաճմանը կարող են հասնել նաև Ուսման Դեմբելեն, Ստիվ Մանդանդան, Ուգո Լյորիսը, Օլիվյե Ժիրուն և Անտուան Գրիզմանը։

Opta-ի սուպերհամակարգչի հաշվարկներով՝ Ֆրանսիայի՝ եզրափակիչ դուրս գալու հավանականությունը կազմում է 53,96%, իսկ Իսպանիայինը՝ 46,04%։ Չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտը նույնպես Ֆրանսիան է՝ 33,38% հավանականությամբ, երկրորդ տեղում Իսպանիան է՝ 27,55%։

Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց՝ քառորդ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Բելգիային։ Հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց Միկել Մերինոն։

Իսպանացիներն առաջին անգամ 2010 թվականից հետո հասան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում չեմպիոն դառնալուց հետո նրանք երկու անգամ (2018 և 2022 թվականներին) դուրս էին մնացել 1/8 եզրափակչում, իսկ 2014-ին նույնիսկ չէին հաղթահարել խմբային փուլը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև հարձակվող Լամին Յամալը, որը դարձավ պատմության մեջ առաջին մինչև 18 տարեկան ֆուտբոլիստը, որը մեկ աշխարհի առաջնությունում մասնակցել է վեց հանդիպման։ Ֆրանսիայի դեմ խաղից առաջ նա կդառնա 19 տարեկան։

Իսպանիայի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նշել է, որ իր թիմը լիովին գիտակցում է առաջիկա հանդիպման բարդությունն ու մրցակցի ուժը, սակայն հիշեցրել է նաև կարևոր փաստ. «Վերջին երկու կիսաեզրափակիչներում (Եվրո-2024 և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2024/25) նրանց հաղթած միակ հավաքականը մենք ենք եղել»։

Դիմակայությունների պատմությունը

Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 38 հանդիպում։ Իսպանիան տարել է 18 հաղթանակ, Ֆրանսիան՝ 13, ևս յոթ խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ նույնպես առավելությունը իսպանացիների կողմն է՝ 71:44։

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների շրջանակում թիմերը հանդիպել են վեց անգամ․ Իսպանիան ունի երկու հաղթանակ, Ֆրանսիան՝ երեք, մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։

Աշխարհի առաջնություններում նրանց միակ հանդիպումը կայացել է 2006 թվականին՝ 1/8 եզրափակչում, որտեղ Ֆրանսիան հաղթել է 3:1 հաշվով։

2024 և 2025 թվականներին հավաքականները հանդիպել են Եվրո-2024-ի և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչներում, և երկու դեպքում էլ հաղթել է Իսպանիան՝ համապատասխանաբար 2:1 և 5:4 հաշվով։

130