
Հայաստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվը 2022 թվականին, 2021 թվականի տվյալների համեմատ, աճել է 272 տոկոսով։ Ղազախստանում նույն ժամանակահատվածում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 70%-ով։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
«Մենք վիճակագրություն ունենք միայն աշխատողների մասին, այսինքն՝ նրանք այն մարդիկ են, որոնք գնացել են աշխատելու։ Մենք ունենք 2022 թվականի տվյալները, որտեղ Հայաստանն ու Ղազախստանն աճ են գրանցում։ Օրինակ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի համեմատ աճը եղել է 272 տոկոս։ Նաև Ղազախստանի Հանրապետությունում կա մոտ 70 տոկոս աճ»,- նշել է Օմուրբեկովան։ Նրա խոսքով՝ Բելառուսում և Ղրղզստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների կտրուկ աճ չի գրանցվել։