ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն, անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար։

«Մենք սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես տեսնում ենք, դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը»,- ասել է Միլլերը:

Պետքարտուղարության խոսնակը դարձյալ վստահություն է հայտնել, որ կողմերի միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի:

«Ինչպես նշել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք աշխատեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված»,- նշել է դիվանագետը:

Մեթյու Միլլերը հավելել է, որ առայժմ տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է նոր հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:

 

845