ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ հիմնավորվել է, որ 2021թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ, ընդգրկված լինելով «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում որպես պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատող, մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են։ Մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները մինչ այդ մեկնել են ՀՀ-ից, այսինքն՝ 2 պատվաստումների ժամանակ ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել:
Արդյունքում «ARMED» համակարգ է մուտքագրվել նրանց՝ «Covid-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը հիշյալ քաղաքացիներին իրավունք է վերապահել խուսափելու «Covid-19» դեմ պատվաստված չլինելու դեպքում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս առկա սահմանափակումներից:
Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով քրեական վարույթի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Դրանում թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։