Հունիսի 6-ի կեսգիշերից քիչ անց Գյումրիում ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցում կանգնեցրել են մի տաքսի: Այդ պահին ուղևորն իջել ու գրպանից նետել է փաթեթ: Ոստիկանության Կումայրիի բաժնում գյումրեցի 24-ամյա ուղևորը խոստովանել է, որ փաթեթում շոկո տեսակի թմրանյութ էր, որը ձեռք է բերել համացանցի միջոցով` անձամբ օգտագործելու համար:
Գիշերվա ժամը 3-ին պարեկները կասկածելի վարք դրսևորող մի անձի էլ նկատել են Գյումրիի Մեքենավարների փողոցում: Տեսնելով ոստիկաններին` երիտասարդը դիմել է փախուստի, սակայն բռնվել է, ձերբակալվել ու տեղափոխվել Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերված փաթեթում ևս շոկո էր: Նա նույնպես հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել համացանցով` իր համար:
Երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: