Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: 

Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը: 

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

711