ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Թ.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին առաջարկել է կաշառք՝ վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով՝ իր օգտին ապօրինի անգործության համար:

Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտից:

«Մասնավորապես՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկու պարեկները 2023 թվականի մայիսի 23-ին Երևանի Բագրատունյաց փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գ. Թ.-ի վարած ավտոմեքենան և կատարել վարորդի սթափության վիճակի զննություն:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գ. Թ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, որից հետո վերջինիս պարզաբանվել է, որ վերոնշյալ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրասպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ:

Այդ ընթացքում վարորդ Գ. Թ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկին առաջարկել է 20 հազար ՀՀ դրամ կաշառք, որը տեսաձայնագրման սարքերի դիտարկումից թաքցնելու նպատակով անձնագրի մեջ թաքցրած փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկում:

Դրանից հետո, սակայն, Գ. Թ.-ն պարեկների կողմից ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար Գ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք տալը, որը կատարվել է իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամայլ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

659