Երեկ՝ հունիսի 13-ին, կողոպուտի փորձ և կրակոց է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել կողոպուտի փորձ, որի ժամանակ հնչել է կրակոց:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի խումբը: Պարզվել է, որ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել: Այդ ժամին նշված խաչմերուկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Երևանի բնակիչ 53-ամյա Լիանա Ա.-ի ձեռքի պայուսակը, ապա դիմել փախուստի:

Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն իր Toyota մակնիշի ավտոմեքենայով է եղել, երբ նկատել է, թե ինչպես է նա միայնակ կնոջից պայուսակը հափշտակում և կանխել է կողոպուտը, ապա հանցանք կատարած անձին հետապնդելու ընթացքում, վերջինիս փախուստը կանխելու նպատակով, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել:

Կենտրոնի ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճանակից կրակված 1 պարկուճ և հայտնաբերել են նաև Կարեն Հ.-ին, ում հրավիրել են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացրել քննչական բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ. հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

1582