
Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ հրամանատար Հայրիկիս կյանքում բեկում է տեղի ունենում, որն իր կյանքը փոխում է մինչև մահ. այս մասին Ֆեյսբուք ի իր էջում պատմում է հեռուստամեկնաբան, լրագրող, ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը :
« Երբ իր ջոկատով առաջին անգամ ռազմաճակատ են մեկնում (Լաչինի մարտերին մասնակցելու), ջոկատի կազմում նաև իր մանկության ընկերն է լինում, Հակոբ ձյաձյան։
Թեժ մարտերից մեկի ժամանակ Հայրս հասկանում է, որ Հակոբը չկա։ Որոշ ժամանակ կարծելով, որ Հակոբը զոհվել է՝ վերջում պարզում է, որ Հակոբը չի դիմացել մարտերին ու լուռ հետ է վերադարձել քաղաք։
Հերթափոխին, երբ Հայրս նույնպես ճակատից հետ է դառնում, իր ընկեր Հակոբը գալիս է մեր տուն՝ Հայրիկիս բացատրելու, թե ինչու՞ է թողել ջոկատն ու առանց բառ ասելու վերադարձել։ Մայրս պատմում է, որ Հայրիկս Հակոբի խոսելու առաջին իսկ պահից մեջքով շրջվում է դեպի պատն ու բառ անգամ չի փոխանակում նրա հետ՝ չկարողանալով ներքուստ արդարացնել իր մարտական ընկերոջ արարքը։ Երբ Հակոբ ձյաձյան հասկանում է, որ Հայրս պատրաստ չէ, չի կարող իրեն ներել՝ ներողություն է խնդրում մի վերջին անգամ ու լուռ հեռանում։
Հերթական հերթափոխից վերադառնալիս Հայրիկս ստանում է բոթը․․․
Հակոբը զոհվել է։
Նա չէր համակերպվել մտքի հետ, որ մարտի դաշտում թողել է հրամանատար ընկերջը, Վահանին մենակ է թողել ու աչքից ընկել։ Վստահ լինելով, որ այլևս չի կարող վերադառնալ Հայրիկի ջոկատ, անդամագրվել էր մեկ այլ կամավորական ջոկատի, մեկնել է ճակատ ու ընկել մարտի դաշտում՝ ապացուցելով հորս, որ արժանի ռազմիկ է։
Հորս կյանքում, կարծում եմ, սա ամենաբեկումնային դրվագներից մեկն է եղել։ Մինչև կյանքի վերջ Հայրս ինքն իրեն տանջեց, որ չի գտել իր մեջ ուժ՝ լսել մարտական, մանկության ընկերոջ խոսքն ու պատճառաբանությունները։ Հայրս մինչև կյանքի վերջն իրեն մեղադրեց, որ այդ պահին չի փորձել ներքուստ արդարացնել ընկերոջը, իր հետ վերադառնալ ռազմաճակատ ու, գուցե, փրկել Հակոբի կյանքը։
1993-ին ամբողջ ազգը բեկում էր սպասում։ Մենք կորցրել էինք հույսը, հավատը, մենք կորցրել էինք Արցախի գրեթե ողջ տարածքը։ Սակայն երկրորդ ալիք հզորությունը վրա հասավ միասնության շնորհիվ։ Ոգին թռավ երկինք ու ամիսներ հետո խարիզմատիկ առաջնորդների, հզոր հրամանատարների, Սպարապետ Վազգենի, հզոր շատուշատ այլ տղերքի առաջնորդությամբ մեր ջոկատները սկսեցին ազատագրել տասնյակ բնակավայրեր։
Մենք հաղթեցինք։
Պատմությունը կրկնվում է, բեկումը պիտի՛ լինի։ Մենք դիմակայել ենք ամենահուժկու հարվածին, հիմա պետք է ուշքի գալ, սթափվել ու պատասխան տալ։ Իրատեսորեն գնահատել իրավիճակը, մեկտեղվել, մոռանալ նախկինում եղածը, ազգայինը վեր դասել անձնականից, չնեղանալ, չչարանալ միմյանց հանդեպ, չմեղադրել ու վստահել, ոչնչացնող հարված տալ թշնամուն, հիմա արդեն ոչ միայն հանուն առաջին գոյամարտի մեր զոհերի, այլև մեր օրերում ընկած եղբայրներիս վառ հիշատակի համար։
Հ․Գ․ Բեկումը մոտ է։ Այլ կերպ լինել չի կարող։ Պատմությունն իր հունը չի փոխում։ Հաղթել ենք առաջին անգամ, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հիմա»։
🟥🟦🟧 «ԶՈՀՎԵԼ՝ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ հրամանատար Հայրիկիս կյանքում բեկում է տեղի ունենում, որն...
Опубликовано Davit Grigoryan Вторник, 20 октября 2020 г.