«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և վերջինիս փաստաբան Գեորգի Մելիքյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ մանրամասներ հայտնեցին, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը (հանրությանն առավել հայտնի «Դոգ» մականվամբ) սպառնացել Արզաքանցյանին և փորձել գումար կորզել:

«Քանի որ պարոն Արզաքանցյանի հետ կապված միջադեպը, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, որոշակի հանրային հնչողություն ունի, կարևորում ենք, որ պարոն Արզաքանցյանը իր արձագանքը տա հանրային հարթակներում հնչեցված մեղադրանքներին կամ ապացույցներին»,- ասուլիսի մեկնարկին ասաց նրա փաստաբանը:

Նա նաև ընդգծեց, որ նախաքննական գաղտնիքի հետ կապված կաշկանդված են լիարժեք ներկայացնել բոլոր ապացույցները, սակայն դատավարությունից հետո աներկբա կդառնա, որ պարոն Արզաքանցյանի հանդեպ տեղի ունեցած հանցագործությունը առկա է, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Տիգրան Արզաքանցյանն էլ նշեց. «Այդ անձը իրեն ազնիվ է համարում, «Հանրային ձայն» է կոչում իրենց կուսակցությունը: Կուսակցության խմբի անդամներն էլ պետք է իմանան, որ նրա համար պարզապես գործիք են, հայտնի մարդկանց անունները վարկաբեկելու և յութուբյան իր ալիքում մեծ դիտումներ ապահովելու համար: Իրենք լուրջ ընկերություն են ստեղծել շորթումներ անելու համար»:

Արզաքանցյանը ներկայացրեց նաև հատվածներ «Դոգի» և իր ունեցած նամակագրությունից:

«Այդ անբարոյականը պարզում է իմ համարը տարբեր խողովակներով, հիմա նայեք՝ Վարդան Ղուկասյան՝ «Դոգ», էդպես էլ գրած ա անունը: «Լսում ես այ տղա», գրում է, «Փարիզ լա՞վ էր»: Ես Փարիզում էի այդ ժամանակ: Գրում եմ՝ դու ո՞վ ես, ասում է գուշակի երեք անգամից: Հետո սկսում է գրել, գրել, գրել, գրել.... վերջում ժամ է դնում իմ վրա, որ ժամանակ ունեմ մինչև երեկո: Մի հատ անբարոյական մարդ, որ ես իրենից ու իր չար լեզվից վախենամ ու վճարեմ գումարներ, որ չանդրադառնա ինձ և իմ ընտանիքին»,- պատմեց Արզաքանցյանը:

Վերջինս նկատեց՝ այդ մարդուն լսելը արդեն հանցագործություն է. «Որովհետև դուք ձեր գլուխը լցնում եք զիբիլով՝ աղբով, այդ տականքի բառերը դաջվում են ուղեղի մեջ: Մարդը եթե ծնողների է վիրավորում, երեխաներին, քաղաքական գործիչների, մշակույթի գործիչներին: Իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ապագա սերունդը նայի նման հայհոյանքներ, իսկ շորթման համար իրենք պետք է պատասխան տան: Մեր իրավապահ մարմինները, կարող եմ վստահ ասել, որ ամենօրյա հետևողական աշխատանք են կատարում, որ այդ հանցագործ խումբը պատասխան տա իրենց բոլոր արարքների համար»:

1821