Այսօր` հուլիսի 6-ին, Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով կենսաթոշակի բարձրացման մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հենց հուլիսի 1-ից արդեն քաղաքացիները ստացել են կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները.

«Այո, հավաստիացնում եմ, որ հուլիսին 4-ի դրությամբ մեր կողմից վճարումները/փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին եւ «Հայփոստ»-ին, հետեւաբար, քաղաքացիներն արդեն ստանում են կամ ստացել են բարձրացված կենսաթոշակները,- նշեց Ժամկոչյանը:

Վարչապետը հերթական անգամ հիշեցրեց տեղի ունեցող բարձրացման նշանային լինելն ու շեշտեց` մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակը իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին.

 

«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող թոշակով ՀՀ բոլոր թոշակառուներն իրենց պարենային նվազագույն կարիքներն այլեւս կարող են հոգալ: Սա առաջին անգամ է մեր երկրի պատմության մեջ՝ մենք նման համապասխանություն ունենք, առավել եւս, երբ մեր սիրելի կենսաթոշակառուները օգտվում են հետվճարի ծրագրից, արդեն ավելի բարձր ցուցանիշ կունենանք»,- եզրափակեց  Փաշինյանը:

567