
Վերջին շրջանում տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է նկատվում։ Հատկապես հաճախակի են դարձել երկրաշարժերը Ադրբեջանի տարածքում։ Այսօր էլ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւՀայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից Araratnews.am-ը տեղեկացավ, որ դա ակտիվացում չէ, դա սեյսմոակտիվ գոտուն բնորոշ սեյսմիկություն է։ Դիտարկվում է հերթական կուտակված էներգիայի պարպում։
«Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նույն սեյսմոակտիվ գոտում, իսկ մյուս կողմից՝ մեր սեյսմոտեկտոնական պատկերը բաղկացած է բազմաթիվ խզվածքային գոտիներից, որոնք իրարից անկախ են։ Ու երբ մեզ մոտ սեյսմիկ վտանգի գնահատում են անում մեր տարածքում կամ տարածքից դուրս` բոլոր խզվածքները դիտարկվում են որպես անկախ խզվածքներ»,- ասաց մասնագետը, նշելով, որ նույնիսկ 1 խզվածքի սեգմենտները շատ հաճախ սեգմենտավորվում են, որ իրարից անկախ աշխատեն։ Այսինքն՝ այդ հեռավորության վրա իրենց խզվածքները մեր խզվածքների հետ կապ չեն կարող ունենալ։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցը վստահեցրեց, որ այս պահին անհանգստանալու կարիք չկա։