Հայաստանում 2021 թվականին ընդունված Թվայնացման ռազմավարությունում կարևորագույն դեր ունի արհեստական բանականության կիրառումը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը:

«Շատ անգամ մենք ռազմավարությունները մշակում ենք ապագայի որոշակի տեսլականով, սակայն ոլորտում փոփոխություններն արագընթաց են, և մենք ստիպված ենք լինել ճկուն, աշխատում ենք ժամանակին համընթաց և ձեռքը պահում զարկերակի վրա»,- ասաց նա:

Արշակ Քերոբյանը նկատեց, որ հաճախ Հայաստանում ստեղծված պրոդուկտը տեղում կիրառելի չէ, քանի որ թանկ է, մասսայական չէ, սակայն այլ երկրներում պահանջարկ կա: Ինչ վերաբերում է պետության դերին, ապա նա ասաց, որ պետությունն օրենսդրական կարգավորումներ մշակողն է, և, այս համատեքստում, չպետք է խանգարի ոլորտի զարգացմանը, այլ հակառակը՝ նպաստի:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խնդիրները երկուսն են, նախ՝  ընկերությունների համար բարենպաստ դաշտ ստեղծելը, և երկրորդ՝ օգնել, որ ՏՏ ոլորտի ձեռքբերումները կիրառվեն Հայաստանում: Պետության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունների թվայնացման պարագայում գործընթացը կկազմակերպվի ավելի արագ ու որակյալ, արդյունքում բյուրոկրատիան կկրճատվի, քաղաքացին ավելի շատ կվստահի պետությանը»,- ասաց նա:

Արշակ Քերոբյանը նշեց, որ մի քանի խնդիր կա լուծելու, որպեսզի թվայնացման գործընթացներն արագ ընթանան, և առաջին խնդիրը նույնականացումն է:

«Առաջիկա ամիսների ընթացքում մենք ստանալու ենք նույնականացման նոր համակարգ, որին կհաջորդի տվյալների ազատականացման հարցը, արդյունքում մասնավոր բոլոր ծառայությունները կմատուցվեն ավելի հեշտացված եղանակով:  Հաջորդ խնդիրը, որ լուծում ենք, անձնական տվյալների պաշտպանության խնդիրն է:  Յուրաքանչյուր անձի տվյալներ պետք է գաղտնի լինեն, և միայն այդ անձը պետք է տնօրինի դրանց հոսքը, քանի որ նա է հանդիսանում այդ տվյալների սեփականատերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է թվայնացման գործիքներից ավագ սերնդի օգտվելու դժվարություններին, ապա պաշտոնյան ասաց, որ ամեն  տեղ կա մտավախություն, որ 60-70 անց սերունդը թվային միջավայրում ծառայություններից օգտվելիս դժվարություններ կարող է ունենալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե թվային ծառայությունը մշակելիս հաշվի առնվեն քաղաքացու կարիքները, ապա ցանկացած տարիքի քաղաքացի շատ արագ յուրացնում է և հարմարվում փոփոխություններին:

Արշակ Քերոբյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ միջոցները ոլորտի առաջընթացի համար, եթե գաղափարն ունի տեսանելի արդյունք և կիրառելիություն: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասելիք ունեցող գաղափարը  կարող է ֆինանսավորվել, քանի որ այս ոլորտում ցանկացած գիտական միտք կիրառական է, նույնիսկ սաղմնային փուլում: Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան ֆինանսների բացակայության տիրույթում է, այլ թե կոնկրետ գործընթացն ավտոմատացնելիս ինչ արդյունք կարող ենք ակնկալել: Հայաստանում թվայնացման գործիքների ստեղծման գործում հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է նախապես իրականացնել քաղաքացու, օգտատիրոջ կարիքի գնահատում, որպեսզի հասկանանք ստեղծվող գործիքի անհրաժեշտությունն ու կիրառելիությունը»,- ասաց նա:

 

2004