Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինական գործընթացների թվայնացում

«Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում։ Թվային հարթակին այլընտրանք կամ վերադարձ թղթային եղանակին չի լինելու»,-հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ 2025թ. հունվարի 1-ից բոլոր մարզերում և Երևանում կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban-permits.e-gov.am հարթակով։

Թվային հարթակ է տեղափոխվելու նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը։ Կառավարության որոշմամբ կարգը հաստատվել է, էլեկտրոնային համակարգում գործարկումը նախատեսվում է 2026թ. երկրորդ կեսին։ Թվային հարթակում գործելու է նաև պետական համալիր փորձաքննության գործընթացը։

 Եղիազար Վարդանյանի բնորոշմամբ՝ թվայնացման ամենամասշտաբային քայլերից է լինելու քաղաքաշինական կադաստրի ստեղծումը՝ ՀՀ բոլոր բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի տեղափոխումը տեղեկատվական համակարգ և ինտեգրումն ազգային գեոպորտալին։ Տարվա ընթացքում պիլոտային եղանակով ազգային գեոպորտալին արդեն ինտեգրվել են Տավուշի մարզի բոլոր բնակավայրերի քաղաքաշինական գոտևորման նախագծերը, նաև 17 բնակավայրի գլխավոր հատակագծերը։ Ինտեգրվել են նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։

Քաղաքաշինական կադաստրի ստեղծմամբ հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և կառուցապատման չափորոշիչների մասին։ Արդյունքում, աստիճանաբար կվերանա ՃՀԱ-ի ստացման անհրաժեշտությունը։

Թվայնացման հաջորդ փուլը ներառելու է շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։

 Քաղաքաշինական գործունեության իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում, վարկանիշավորում և մոնիթորինգ

 Քաղաքաշինական գործունեության որակի գնահատման նպատակով Կառավարության որոշմամբ հաստատվել է լիցենզավորված անձանց վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը։ Այս տարի կիրականացվեն համապատասխան ծրագրավորման աշխատանքներն urban.e-gov.am համակարգում։ Յուրաքանչյուր դասի լիցենզիա ունեցող կազմակերպությունների համար առանձնացվել է վարկանիշավորման 4 խումբ։ Առաջին 3 աստիճանի վարկանիշը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով, միայն 4-րդ աստիճանի՝ բարձրագույն վարկանիշը՝ նաև հանձնաժողովի գնահատմամբ։

Առաջին անգամ սահմանվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետների էթիկայի կանոնները։

Քաղաքաշինական գործունեության տեսակներում ներառվել է Ինժեներական գեոդեզիա ենթատեսակը և հստակեցվել մասնագետների ընտրության ընթացակարգը:

Մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրերը համալրվել են քաղաքաշինության բնագավառի կրթական նոր ծրագրերով և մասնագիտացումներով։

Քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակների համար հաստատվել են գործելակարգեր և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր, որոնցով կանոնակարգվում են ոլորտի ընկերություններին և պատասխանատու մասնագետներին ներկայացվող պահանջները:

Բնակարանային ֆոնդի կառավարման և զարգացման ծրագրեր

 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով սահմանվել են նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները և մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։

«Կառուցապատողներին ուզում եմ իրազեկել, որ շենքը շահագործման հանձնելուց հետո՝ մինչև շինության սեփականատերերը կընտրեն կառավարման մարմին, կառուցապատողը պետք է ընտրի շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման ձև և կառավարման մարմին: Այնուհետև կառավարման մարմնին պետք է փոխանցի շենքի նախագծային փաստաթղթերը»,-հայտնել է Եղիազար Վարդանյանը:

Կարևոր սահմանափակում է նախատեսված. կառուցապատողը չի կարող առանձնացնել և օտարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները, սարքավորումները, դրանց տարածքները և այլն ինչպես շենքի կառուցման ընթացքում, այնպես էլ հետո: Իսկ ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումը կարող է իրականացվել միայն այդ պահին գնման իրավունք կամ սեփականության իրավունք ձեռք բերած անձանց գրավոր համաձայնությամբ։

Հուլիսից ուժի մեջ են մտել բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար մասնագիտական որակավորման պահանջներ սահմանող օրենսդրական կարգավորումները։ Հաստատված են գիտելիքների ստուգման հարցաշարը, վկայականի ձևը, հանձնաժողովի աշխատակարգը և այլն։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ներկայացրել է դասընթացների անցկացման ծրագիր։

Քաղաքաշինության կոմիտեն և Ազգային ժողովի պատգամավորները համատեղ մշակել և առաջիկայում պատգամավորական նախաձեռնության եղանակով շրջանառելու են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի նախագիծ, որով կարգավորվում են, օրինակ, սեփականատերերի կողմից կատարվող վճարների կառուցվածքի և նվազագույն շեմի, չվճարման դեպքում արտադատական մեխանիզմների ներդրման, շենքերի մասին տեղեկատվության հավաքագրման, վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ հարցերը։

Բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծման նպատակով կոմիտեն մշակում է համակարգային լուծումներ, որոնք դրված են ռենովացիայի գաղափարի հիմքում։ Մշակված առաջարկների շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:

Կապիտալ շինարարական ծրագրերի իրագործմանն ուղղված բարեփոխումներ

 Գնահատելով քաղաքաշինական ծրագրերում կիրառված առավել արդյունավետ մոտեցումները՝ մշակվել է նախագծային լուծումների օրինակելի տարբերակ՝ շինարարական ծրագրերում առաջնորդվելու համար։ Կոմիտեն հետևողական է եղել նաև արդեն շահագործվող օբյեկտների տեխնիկական պատշաճ վիճակի պահպանման նկատմամբ՝ կապալառուներին հիշեցնելով երաշխիքային սպասարկման ժամկետում խնդիրները կարգավորելու իրենց պարտականությունը։

Փորձի վերլուծության շնորհիվ աշխատանքների որակի բարելավման նպատակով հնարավորություն է ստեղծվել շինարարության փուլում պատվիրատուի առաջարկությամբ տիպային նախագծում կատարել կոնստրուկտիվ փոփոխություններ կամ փոխարինել ավելի որակյալ և ժամանակակից  նյութերով ու սարքավորումներով։

Հստակեցվել են «պայմանագրի սկզբնական գին» հասկացությունը և պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվում ներառվող նոր աշխատանքային ծավալների պայմանագրային գնի որոշման մոտեցումները: Հստակեցվել են նաև 0 նիշից վերև՝ տիպային նախագծի և 0 նիշից ներքև ծավալների գների հաշվարկմանն առնչվող տարընթերցումները։

Առավել ճկուն մոտեցում ցուցաբերելու հնարավորություն է ամրագրվել վերանորոգման ծրագրերի պարագայում, երբ պատվիրատուի առաջարկով անհրաժեշտ է լինում կատարել ծավալների ճշգրտումներ և ավելացումներ՝ աշխատանքները կազմակերպելով օպերատիվ։

Շոշափելի բարեփոխումներ են կատարվել՝ շինարարական աշխատանքների ֆինանսավորման և կատարման ընթացքն արագացնելու նպատակով։ Քանի որ գործնականում կատարվում են պայմանագրի նախահաշվում ներառված ծավալներից ավելի շատ աշխատանքներ, ստեղծվել է դրանք պատվիրատուի հետ համաձայնեցնելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու առավել պարզ ընթացակարգ։

Միջազգային համագործակցություն

Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ իրականացրել ենք «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագիրը։ Կորեայի փորձագետները մշակել են ամփոփիչ զեկույց՝ ներառելով Հայաստանի կանաչ քաղաքաշինության զարգացման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկներ։

2026թ.  էներգաարդյունավետության բնագավառում նախատեսվում են ծրագրեր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Իրանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։

818