«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության հետ:  

Այս «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն ոչ մի առնչություն չունի 1990-ականների Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2003-ին եւ լուծարվել 2020-ի դեկտեմբերին:

Արարատ Սարգսյանը, որը հիմնադրման պահից նաեւ ընկերության տնօրենն է, մինչեւ 2023-ի հունվարը միակ սեփականատերն էր: Սակայն այս տարեսկզբին ՍՊԸ-ում հայտնվել են նոր փայատերեր:

Այսպես՝ 2023 թ. հունվարին երեւանցի Արարատ Սարգսյանին է մնացել իր նախկին 100 % փայից ընդամենը 10 %-ը:

22 %-ի սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի, մեծամորցի Հերմինե Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ իր ֆեյսբուքյան էջի, նախկինում աշխատել է թուրքական «AtlasGlobal» ավիաընկերությունում, որը ժամանակին Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում: «AtlasGlobal»-ը սնանկացման գործընթաց է սկսել 2020-ի տարեսկզբին ու դադարեցրել է բոլոր թռիչքները: Հ. Հովհաննիսյանը, նույն տվյալների համաձայն, աշխատում է նաեւ Ստամբուլի «Kaçkar Tour» տուրիստական գործակալությունում: Սրա անունը ծագում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Խաչքարի կամ Խաղտյաց լեռների անունից:

2023-ի հունվարին «ՀԱՈւ»-ի 19 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ քաղաքացի, երեւանցի Միխայիլ Ասրիյանը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, ծագումով՝ Սամարայից: Ասրիյանը անմիջական կապ ունի ռուսական «Պեգաս Տուրիստիկի» հետ, նախկինում աշխատել է այս ընկերության ղազախական մասնաճյուղում: 2013-ին Ասրիյանը Երեւանում հիմնել է նույնանուն՝ «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ն, որը 2014-ին անվանափոխվել է՝ դառնալով «Արիոն Տուր». սա եղել ու մնում է ռուսական ընկերության ներկայացուցչությունը ՀՀ-ում:

Նկատենք, որ ըստ «Ավիացիայի մասին» օրենքի՝ ՕՇՎ ստացող կամ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 % բաժնեմասը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանում գրանցված այլ ընկերությունների/կազմակերպությունների: «ՀԱՈւ»-ում, բնականաբար, պահպանել են այս նորմը. Սարգսյանը, Հովհաննիսյանն ու Ասրիյանը տիրապետում են ավիաընկերության հենց 51 %-ին:

Մնացած 49 %-ն արտասահմանցիների ձեռքում է:

24 %-ը գրանցված է Բուլղարիայի քաղաքացի Ռոսեն Բոյանովի անունով: Վերջինս եւս փոխկապակցված է «Պեգաս Տուրիստիկին»։

Բայց առավել հետաքրքիր է «Հայկական ավիաուղիների» 25 %-ի արտասահմանցի սեփականատիրոջ ինքնությունը: Դա Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանն է (ՀՀ պետռեգիստրի գործակալության կայքում ազգանունը ներկայացված է այսպես, սակայն տարբեր աղբյուրներում այս անձը ներկայանում է որպես Օզ Յակուպհան՝ Öz Yakuphan. այդուհանդերձ, սա, թերեւս, Yakuphanoğullarindan ազգանվան կարճ ձեւն է): Ըստ ֆեյսբուքյան անձնական էջի՝ Յակուպհանը ծագումով թուրքական Իզմիրից է, rocketrich.co-ում ներկայացված անձնական տվյալների համաձայն էլ՝ նա ՏՏ ոլորտի մասնագետ է, չնայած 1980-1984 թթ. սովորել է Կուլելիի բարձրագույն ռազմական դպրոցում, որը համարվում է իր տեսակի մեջ ամենահինը Թուրքիայում (հիմնվել է Օսմանյան կայսրության օրոք՝ 1845-ին):

Օզ Յակուպհանը կնոջ հետ

1986-1990 թթ. Օզ Յակուպհանը սովորել ու բակալավրի կոչում է ստացել Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում (METU), իսկ հետո մագիստրոսի դիպլոմ է ստացել ամերիկյան Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտում (RIT): Թուրք մասնագետն, ըստ rocketrich.co-ի, ռուսական «Պեգաս Տուրիստիկի» տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության ՏՏ գծով տնօրենը (CIO - Chief information officer): Յակուպհանի կինը՝ Օքսանա Յակուպհանը, ըստ սոցկայքերի տվյալների, «Պեգաս Տուրիստիկի» անձնակազմի գծով տնօրենն է: 

Այսպիսով՝ 2023 թ. հունվարից «Հայկական ավիաուղիների» 90 %-ի սեփականատեր են դարձել թուրքական արմատներ ունեցող բիզնեսին առնչված ու առնչվող հայ եւ օտարերկրացի անձինք, չնայած ինչպես վերը նշեցինք, մինչ այդ էլ Արարատ Սարգսյանը գործընկերային կապեր ուներ Ռամազան Աքպինարի ռուսական ընկերությունների հետ:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

 

 

1581